Բաքվում COP29-ի մասնակիցները պետք է Ալիևին իրենց կարծիքը հայտնեն մի շարք խնդիրների վերաբերյալ. ԵԽ պատգամավոր

25 Հոկտեմբերի 2024, 21:53

Կարծիք | Քաղաքականություն

«Ես իսկապես ցնցված էի, երբ եվրահանձնակատար Շմիդտը բանավեճի ժամանակ ասաց, որ COP29-ը Ալիևի ռեժիմի համար հնարավորություն է՝ ապացուցելու, որ իրենք ժողովրդավարական երկիր են»: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ավստրիացի պատգամավոր Հելմուտ Բրանդշտատերն՝ անդրադառնալով Եվրախորհրդարանում՝ «Իրավիճակն Ադրբեջանում, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումներ, Հայաստանի հետ հարաբերություններ» թեմայով բանավեճին:

«COP29-ի գագաթնաժողովի անցկացումը Բաքվում սխալ է, և միակ բանը, որ մենք կարող ենք անել՝ ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում այնտեղ: Պատկերացնում եմ, որ շատ բան կանեն շոուի համար, բայց կարևորն այն է, թե ինչ է լինելու հետո։ Խորհրդարանը պետք է հետևի, թե ինչ է կատարվում այնտեղ, քանի որ մենք գիտենք, որ սա կոշտ դիկտատուրա է»,- նշել է ԵԽ պատգամավորը։

Խոսելով այն մասին, թե ինչ ուղերձ պետք է տանեն գագաթնաժողովին հրավիրված ԵՄ պաշտոնյաները, նա ընդգծել է, որ բոլոր նրանք, ովքեր կմասնակցեն Բաքվի գագաթնաժողովին, պետք է Ալիևին ասեն.

«Այո, մենք եկել ենք, բայց ուշադիր հետևելու ենք ձեր անելիքներին: Եթե ցանկանում եք տնտեսական հարաբերություններ ունենալ Եվրոպական համայնքի հետ, ապա պետք է դադարեցնեք այս տեսակի դաժան բռնապետությունը։ Մենք չենք կարող եվրոպացի լինել առանց մեր արժեքների, դրանք շատ կարևոր են, և մենք չենք կարող գործ ունենալ այնպիսի բռնապետություն ունեցող մարդկանց հետ, ինչպիսին Ադրբեջանում է։

Երկրում կան քաղբանտարկյալներ: Մենք գիտենք, որ Ալիևը հետևում է, թե ինչ են ասում իր մասին, մենք գիտենք, որ չկան ազատ լրատվամիջոցներ, ուստի ես կարծում եմ, որ այս պահին դա մեր գործն է՝ ապահովել, որ նրանք, որոնք գնում են այնտեղ, նշեն խնդիրները և իրենք կարծիքը հայտնեն»:

Պատասխանելով հարցին, թե ինչ արձագանք է ակնկալում Բաքվից Եվրախորհրդարանում բանավեճի ու ընդունված բանաձևի վերաբերյալ, Հելմուտ Բրանդշտատերը նշել է.

«Պատմությունը ցույց է տալիս, որ չես կարող գեղեցիկ բառերով համոզել բռնապետերին, ուստի վախենում եմ, որ իրավիճակը չի բարելավվի, բայց մենք պետք է մնանք Ադրբեջանի ժողովրդի կողքին և ուշադիր հետևենք այնտեղ տիրող իրավիճակին»: