Վրաստանում ընտրություններն անցկացվելու են Արևմուտքի հետ բացահայտ առճակատման ֆոնին․ Հասմիկ Մելիքսեթյան

25 Հոկտեմբերի 2024, 22:30

Քաղաքականություն

Վրաստանում ընտրություններն առաջին անգամ անցկացվելու են Արևմուտքի հետ լարվածության ֆոնին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանը։

«Թե «Վրացական երազանք» կուսակցությունում, թե ընդհանրապես Վրաստանում, այս ընտրությունները կապում են հենց երկրի ապագայի հետ։ Այնտեղ իրավիճակն այս պահին լարված է։ Միջազգային կազմակերպությունները, որոնք այնտեղ դիտորդական առաքելություն են իրականացնում կամ ուղղակի գրասենյակներ ունեն, ասում են, որ այս անգամ Վրաստանում ընտրություններն իրականացնելու են Արևմուտքի հետ բացահայտ առճակատման և հակասությունների ֆոնին։ Այսինքն՝ նախորդ տարիներին խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների ժամանակ այսքան լարվածություն ու Արևմուտքի նկատմամբ այսքան բացասական հռետորաբանություն գոնե չկար»,- նկատել է մեր զրուցակիցը։

Նա բացատրել է, թե որն է այդ լարվածության պատճառը։

«Այս լարվածության պատճառն, ամենայն հավանականությամբ, կապված է ռուս-ուկրաինական պատերազմի ու դրա շուրջ Վրաստանի պետական դիրքորոշման հետ, որովհետև Վրաստանը հենց սկզբից չեզոք դիրքորոշում ունեցավ և միջազգային հարթակում Ռուսաստանին դեմ պատճամիջոցներ կիրառելու նախագծերին չմիացավ»,- ասել է Հասմիկ Մելիքսեթյանը։

Նրա խոսքով՝ եթե Վրաստանը պատժամիջոցներ կիրառեր Ռուսաստանի դեմ, դա ավելի շուտ հենց այդ երկրի վրա վատ կանդրադառնար, քան Ռուսաստանի։

«Վրաստանը կարծում է, որ դա իր պետական շահերից է բխում։ Իրականում այդ պատճամիջոցները, որոնք կկարողանար Վրաստանը կիրառել Ռուսաստանի դեմ, ոչինչ կլինեին Ռուսաստանի տնտեսության համար։ Մինչդեռ դրանք կարող էին ազդել Վրաստանի վրա ու տնտեսական կամ այլ հարցերում խնդիրներ ստեղծեր»,- եզրափակել է Հասմիկ Մելիքսեթյանը։