Իլյա Պապոյանը որպես մենակատար հանդես կգա Բելառուսի սիմֆոնիկ նվագախմբի համերգին
26 Հոկտեմբերի 2024, 18:18
Հոկտեմբերի 31-ին Բելառուսի պետական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում տեղի կունենա Բելառուսի Հանրապետության պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի համերգը:
Համերգի մենակատարը ռուս դաշնակահարների երիտասարդ սերնդի ամենավառ ներկայացուցիչներից է, բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, այդ թվում՝ Պ.Չայկովսկու անվան միջազգային մրցույթի բրոնզե մեդալակիր Իլյա Պապոյանը:
Համերգային ծրագիրը ոչ ստանդարտ է և բաղկացած է չորս դաշնամուրային ստեղծագործություններից, որոնք փոխկապակցված են միմյանց հետ:
«Համեմատաբար վերջերս սկսեցի կատարել դասական ջազ և անհավատալիորեն ոգեշնչվել եմ այս ժանրով: Այս ծրագիրը պարունակում է ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան ջազ, ինչպես նաև Ռավելի երաժշտության մեջ դրա ծագման մոտիվները»,- ասել է դաշնակահարը։
Այդ երեկո Բելառուսի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ կլինի Յուրի Կարավաևը։