Փաշինյանն անպայման կհրաժարվի Հայոց ցեղասպանությունից՝ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման. Վիկտոր Նադեին-Ռաևսկի

31 Հոկտեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Արևելագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի ԱԳՆ-ի այն հայտարարությունը, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ:

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը կհրաժարվի Հայոց ցեղասպանությունից՝ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման։

«Ժամանակին Փաշինյանը (Հայաստանի վարչապետը) գրել էր, որ ատում է իր նախնիներին, անիծում է նրանց, որ հենց իրենց դիրքորոշման պատճառով են ցեղասպանություններ տեղի ունեցել։ Այսինքն՝ նա անմիջապես փոխեց մեղավորներին։ Իսկ դա հենց սկիզբն էր Ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջներից հրաժարվելու։ Միտքը պարզ է՝ կազատվենք Ղարաբաղից, կազատվենք այդ բոլոր գործերից, կբացվեն սահմանները և կապրենք։ Փաշինյանն անպայման հրաժարվելու է Ցեղասպանությունից՝ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման, սահմանների բացման և այլն։ Սա նպատակ է, որը Փաշինյանը վաղուց է հետապնդում։ Այժմ նա պարզապես անցնում է դրա իրականացմանը։ Ինչ կշահի դրանից Հայաստանը։ Հայաստանը պարզապես կկորցնի իր հայկական ինքնության ևս մեկ առանցքը, ուրիշ ոչինչ», — ասել է Ռաևսկին։

Քաղաքագետի խոսքով՝ եթե հանցագործությունը չպատժվի, ապա այն անպայման կկրկնվի։

«Ցեղասպանությունը հիշելը կարևոր է, որովհետև եթե հանցագործությունը չդատապարտվի, եթե այն չպատժվի, ապա այն անպայման կկրկնվի։ Մենք տեսանք, թե ինչպես հայաթափվեց Նախիջևանը, հետո Ղարաբաղը, մնաց բուն Հայաստանի տարածքը։ Եվ այդ խնդրի առաջ ո՛չ թուրքերը, ո՛չ ադրբեջանցիները կանգ չեն առնի։ Հայաստանի համար դա ազգային աղետ կլինի» — եզրափակել է Ռաևսկին։