Դրամի արժևորումը նվազեցնում է հայկական արտադրանքի գնային մրցունակությունը միջազգային շուկաներում. ԵԱԶԲ
31 Հոկտեմբերի 2024, 21:30
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Մարինա Սոբոլևսկայան Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի տնտեսության աճի դանդաղեցմանը, ինչ ռիսկեր է դա ստեղծում հայկական տնտեսության համար, ինչպես նաև՝ ինչպիսին են բանկի կանխատեսումները Հայաստանի տնտեսության համար 2025թ-ին։
Բանկի հրապարակած թվերը վկայում են Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղման մասին։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
2024 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 8.7%-ով։ Եվ սա բանկի անդամ երկրների շրջանում տնտեսական ակտիվության աճի ամենաբարձր տեմպն է։ Սրանք տպավորիչ թվեր են։ Վերջին տարիներին ռեկորդային բարձր աճի ցուցանիշներից հետո՝ 2022-2023 թվականներին, տնտեսությունն աճել է միջինը 10,5%-ով, այժմ տնտեսական ակտիվությունն իսկապես աստիճանաբար դանդաղում է։ Բայց պետք է հասկանալ, որ դա միանգամայն նորմալ է, քանի որ տնտեսությունը դուրս է գալիս հավասարակշռված աճի հետագիծ։
2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղումն, ինչպես միշտ, պայմանավորված է մի շարք գործոններով։ Գործոնների մի մասն արտացոլում է ընթացիկ կառուցվածքային փոփոխությունը, մի մասն՝ արտաքին միտումները։ Նախ՝ հայկական ապրանքների և ծառայությունների արտաքին պահանջարկը 2022-2023 թվականներին հասել է ռեկորդային մակարդակի և այժմ նվազում է։ Արտահանման համար լրացուցիչ սահմանափակում է դարձել նաև հայկական դրամի փոխարժեքի ամրապնդումը։ Փոխարժեքի ամրապնդումը նվազեցնում է ապրանքների գների մրցունակությունը միջազգային շուկաներում:
Երկրորդ՝ տեղի է ունենում աշխատանքային ռեսուրսների տեղափոխում տնտեսության ոչ արդյունաբերական հատվածներ։ Վերջին տարիներին տրանսֆերտների հոսքերի աճը խթանել է եկամուտների աճն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծառայությունները և առևտուրը, և, համապատասխանաբար, բարձրացրել է զբաղվածության տեսակարար կշիռը ցածր արտադրողականության ոլորտներում։ Մասնավորապես՝ 2024 թվականի կեսերը այն կազմել է 14%՝ 2019 թվականի սկզբի 10%-ի դիմաց։
Բացի այդ, սկսած 2024 թվականի մայիսից նվազում է արդյունաբերության ներդրումը տնտեսական աճի մեջ, եթե համեմատենք 2023 թվականի վերջի և 2024 թվականի սկզբի հետ։ Այդ ժամանակահատվածում արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված էր արտադրության աճով և թանկարժեք մետաղների արտաքին առևտրով: Թերևս սրանք այն հիմնական գործոններն են, որոնք կարելի է առանձնացնել:
Ի՞նչ ռիսկեր է պարունակում երկրի տնտեսական աճի ներկայիս դանդաղումը Հայաստանի տնտեսության համար։
2024 թվականից այն կողմ աճն արագացնելու նոր ազդակների բացակայության դեպքում տնտեսությունը կանցնի ավելի չափավոր, հավասարակշռված տեմպերի, որոնք կկազմեն տարեկան մոտ 5%: Պետք է հասկանալ, որ աճի նման տեմպերը մնում են բավականին բարձր և միևնույն ժամանակ արտացոլում են հարմարվողականությունը նոր տնտեսական պայմաններին։ Մենք ակնկալում ենք, որ տնտեսական ակտիվության ընդլայնման գործում հիմնական ներդրումը կկրի ներքին պահանջարկը, բայց միևնույն ժամանակ ազգային արժույթի փոխարժեքի ամրապնդումը զսպող ազդեցություն կունենա ապրանքների և ծառայությունների արտահանման վրա: Ուժեղ դրամը նվազեցնում է հայկական արտադրանքի արտահանման գնային մրցունակությունը միջազգային շուկաներում, ինչը, համապատասխանաբար, բացասաբար է անդրադառնում ծավալների վրա։
Ի՞նչ կանխատեսումներ ունի բանկը Հայաստանի տնտեսության վերաբերյալ 2025 թվականին: Ի՞նչ պետք է սպասել:
Դեկտեմբերի սկզբին մենք կներկայացնենք նորացված մակրոտնտեսական կանխատեսում, որտեղ հնարավոր կլինի մանրամասն ուսումնասիրել բոլոր միտումները և թվերը, որոնք կապված կլինեն նաև հայկական տնտեսության հետ։ Բայց քանի որ հարցը տրված է, ես մի փոքր հայտարարություն կանեմ: Մենք վերանայում ենք Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը 2025 թվականին՝ համեմատած հունիսյան մակրո կանխատեսումների հետ։ Եվ այստեղ (աճի) հիմնական շարժիչ ուժերը կլինեն սպառողական և ներդրումային պահանջարկը, որոնք կաջակցեն խթանող բյուջետային քաղաքականությանը և տոկոսադրույքների իջեցմանը:
Արտաքին միջավայրը նույնպես դրական ազդեցություն կունենա։ Մենք կանխատեսում ենք եվրագոտում տնտեսական ակտիվության աշխուժացում, Չինաստանում տնտեսական աճի արագացում, ինչպես նաև Ռուսաստանում աճի բավականին բարձր տեմպերի պահպանում։