Սանկտ Պետերբուրգի «Նաիրի» պարային խումբը ձեռք է բերել անսամբլի կարգավիճակ
05 Նոյեմբերի 2024, 19:45
Սանկտ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցու «Վերնատուն» մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Տեր Եփրեմ քահանա Զարգարյանի հանդիպումը «Նաիրի» պարային խմբի սաների և նրանց ծնողների հետ: Այս մասին հայտնում է Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքը։
Տարիների ընթացքում պարային խմբում մասնակիցների թիվը զգալի աճել է։ Ձևավորվել են չորս տարիքային խմբեր։ Լիարժեք պարապմունքների համար խմբին անհրաժեշտ էր ևս մեկ պարուսույց, որը դարձել է Հրաչյա Խաչատրյանը, իսկ պարախումբը ձեռք է բերել անսամբլի կարգավիճակ:
«Նաիրի» պարային խումբը կազմավորվել է 1998 թվականին՝ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությամբ: Այսօր համույթը հանդիսանում է Հայկական ազգային պարի մշակութային ժառանգության պահապաններից մեկը: