Ով էլ հաղթի ԱՄՆ ընտրություններում, Վրաստանում իրավիճակը չի փոխվի. Արչիլ Սիխարուլիձե
05 Նոյեմբերի 2024, 22:30
Վրացի քաղաքագետ, Sikha Foundation նախագծի հիմնադիր Արչիլ Սիխարուլիձեն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահական ընտրությունների ազդեցությունը Վրաստանում քաղաքական իրավիճակի վրա:
«Ով էլ հաղթի ԱՄՆ ընտրություններում, Վրաստանում իրավիճակը կայուն է և այն չի փոխվի։ Հետևաբար, հաղթի Հարիսը (ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից), թե Թրամփը (ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից), դա ոչինչ չի փոխի, քանի որ, ըստ էության, Հարիսի ողջ հռետորաբանությունը Վրաստանում առանց այդ էլ շարունակվում է։ Եթե հաղթի Թրամփը, գուցե մի քանի ամիս անց Վրաստանում ԱՄՆ դեսպանն արդեն այլ կերպ խոսի, գուցե նա փոխի հռետորաբանությունը, որովհետև Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպանը, լինելով Դոնալդ Թրամփի դեսպան, մի բան էր ասում, իսկ հենց Բայդենը եկավ վարչակազմ, հռետորաբանությունն անմիջապես փոխվեց, ավելի ագրեսիվ դարձավ իշխանության նկատմամբ», — ասել է Սիխարուլիձեն։
Փորձագետի կարծիքով՝ Վրաստանը պետք է պահպանի արտաքին քաղաքական հավասարակշռությունը։
«Վրացական քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվի, որովհետև վրացական քաղաքականության մեջ շատ հստակ ըմբռնում կա, որ Վրաստանը չի կարող իրեն թույլ տալ ինչ-որ արմատական դիրքորոշում որդեգրել՝ ոչ ռուսամետ, այլ արևմտամետ, Վրաստանը պետք է հավասարակշռություն պահպանի։Ընտրությունները դա մատնանշեցին, բայց Վրաստանում ԱՄՆ ներկայիս դեսպանը դժգոհ է նման դասավորվածությունից, քանի որ Ամերիկայի վարչակազմն՝ ի դեմս Բայդենի, Վրաստանից պահանջում է ավելի հակառուսական տրամադրություններ։ Եթե հաղթի Քամալա Հարիսը, ոչինչ չի փոխվի:
Եթե Թրամփը հաղթի, միգուցե մեկ-երկու ամսից դեսպանը կլինի ավելի քիչ ագրեսիվ, ավելի զուսպ, քանի որ այս պահին ակնհայտ է, որ նա և նրա վարչակազմը «Վրացական երազանքը» համարում են ոչ բարեկամական։Նա կդադարի ուղղակիորեն միջամտել Վրաստանի գործընթացներին, կդադարի խոսել այն մասին, որ Վրաստանում հաղթել է Ռուսաստանը։ Նա իր կապերի միջոցով կփորձի ընդդիմությանը մատնանշել, որ պետք է ճանաչել ընտրությունները, կդադարի մշտապես խոսել վրաց ժողովրդի անունից, և որ ամենակարևորն է, նա կդադարի վրաց ժողովրդին բացարձակապես ոչ ադեկվատ ընտրության առջև դնել՝ կա՛մ Եվրոպայի, Ամերիկայի, կա՛մ Ռուսաստանի հետ, քանի որ վրացի ընտրողը մեծամասամբ այդպես չի ընկալում իրավիճակը», — եզրափակել է Սիխարուլիձեն։