Արսեն և Արթուր Սաֆարյանները բազմաժանր ծրագրով համերգ են խոստանում Փասադենայում
05 Նոյեմբերի 2024, 23:49
Նոյեմբերի 7-ին Փասադենայում տեղի կունենա հեղինակ-կատարողներ Արսեն և Արթուր Սաֆարյանների համերգ-հանդիպումը։ Alpha News-ի տաղավարում նրանք պատմել են, թե ինչ է սպասվում երեկոյին։
«Նոյեմբերի 7-ին Փասադենայում տեղի կունենա մեր համերգ-հանդիպումը։ Երեկոյին կհնչեն այն երգերը, որոնք ես ներկայացրել եմ տեսահոլովակների միջոցով, ուղղակի ակուստիկ մշակումներով։ Այսինքն՝ մեզ մոտ կլինի միայն 2 կիթառ և 2 միկրոֆոն, ուրիշ ոչինչ չի լինելու։ Ծրագրում ընդգրկված է շուրջ 20 երգ, փորձել ենք ընդգրկել այն երգերը, որոնք առավել սիրված են, հայտնի են։ Իհարկե, կան նաև նոր երգեր, որոնք մեր հանդիսատեսը չի լսել, կան երգեր, որոնք դեռևս ձայնագրված չեն, ու մենք դրանք կենդանի կատարում ենք բեմից։ Կկատարենք նաև երգեր, որոնք մեր հանդիսատեսի մոտ զարմանք կառաջացնեն։ Ծրագիրը կազմելուց փորձել ենք նայել հանդիսատեսի աչքով, դրա համար էլ այն բազմաժանր ու հետաքրքիր կլինի»,- ասաց Արսեն Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ համերգ-հանդիպման ընթացքում անմիջական շփում կլինի հանդիսատեսի հետ։
«Մեզ համար ամենակարևորն այն է, որ շատ ճիշտ հանդիպում ունենանք այն մարդկանց հետ, որոնք կարոտել են, որոնք ուզում են նորից լսել մեր երգերը ու մեզ հետ միասին երգեն։ Սպասելու ենք բոլորին, որ հայրենիքից բերված մեր ջերմությունը փոխանցենք նրանց»,- նշեց երգիչը։
Խոսելով Արցախյան պատերազմի մասին՝ Արթուր Սաֆարյանը նշեց․
«Ինձ համար նորմալ է, որ մենք 2020 թ-ին որոշեցինք ու գնացինք մեր ծննդավայրի՝ Արցախի համար պայքարելու։ Բայց դա չի նշանակում, որ եթե, Աստված մի արասցե, նույնը լիներ Հայաստանի որևէ մի շրջանում, մենք նույնը չէինք անի։ Նորմալ է, որ պատերազմի ժամանակ մարդիկ գնում են ռազմադաշտ, ցավոք, դա էլ է մարդու համար։ Այնտեղ արել ենք, ինչ կարողացել ենք, ինչ ասել են։ Մենք ուղղակի ուզում էինք մեր զինվորների կողքին լինել»։