Գնաճի թիրախը ՀՀ-ում կարող է նվազել
06 Նոյեմբերի 2024, 19:00
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը շարունակում է նվազել սպասելի՝ փոքր քայլերով: ԿԲ խորհրդի որոշման կանխատեսելիությունն, առաջին հերթին, պայմանավորված է սպառողական գների ինդեքսի ցուցանիշի միտումներով: Պատահական չէ,որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի դինամիկան շարունակաբար նվազող է:
Իսկ նվազման թրենդը նաև հետագայում դրա պահպանման մասին է վկայում: Այստեղ ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ ԿԲ-ն նաև զգուշավորություն ունի որոշակի արտաքին և ներքին անորոշություններից, ինչպես նաև՝ գործընկեր երկրների կողմից իրականացվող դրամավարկային քաղաքականությունից ելնելով: Մասնավորապես, գործընկերների մոտ բարձր տոկոսադրույքերի պահպանման դեպքում, մեզ մոտ մեծ քայլերով նվազեցումը կարող է կապիտալի արտահոսքի ռիսկեր ստեղծել: Այլ է խնդիրը, որ եթե շարունակվի թանկ փողերի քաղաքականությունը, ապա դա կարող է հարվածել արտահանողներին:
Միաժամանակ ԿԲ-ն բավական այլ՝ կարևոր հայտարարությամբ հանդես եկավ: Խոսքը Կառավարության անդամների հետ ընթացող քննարկումների մասին է, որտեղ ԿԲ-ն առաջարկում է նվազեցնել թիրախային գնաճի մակարդակը 4%-ից 3%-ի: Առավել ուշագրավ էին ԿԲ նախագահի պատրաստակամությունը՝ խաղալու «ուրիշ լիգայում» և ավելի բարդ խնդիրներ ստանձնելու պատասխանատվության մասին:
Թեև խոսքը դեռևս քննարկումների մասին է, այնուամենայնիվ ներկայացնենք թիրախային գնաճի քաղաքականություն որդեգրած որոշ երկրներում ցուցանիշները:
Ինչպես տեսնում ենք, զարգացած երկրների մոտ հիմնականում այդ ցուցանիշը ցածր է՝ 1-3%-ի շրջանակներում: Զարգացող երկրների, այդ թվում՝ Հայաստանի պարագայում՝ 3+%:
Այսինքն՝ օբյեկտիվ է, որ ավելի զարգացած տնտեսություններն ավելի արդյունավետ դրամակավարկային քաղաքականությամբ ունեն ավելի ցածր թիրախային մակարդակներ: Սակայն, այստեղ կարող է նաև աշխարհաքաղաքական կոմպոնենտ լինել, եթե դիտարկելու լինենք, թե որ երկներին ենք ուզում ավելի մոտարկել ցուցանիշները՝ նույն «ուրիշ լիգայում խաղալու» համատեքստում:
Ի դեպ, թիրախային գնաճի հետ ապված ուսումնասիրություններ կան, որոնցում տնտեսագետներն ու փորձագետները հիմնականում դեմ են արտահայտվում թիրախը փոխելուն՝ հիմնավորմամբ, որ դա ԿԲ-ների նկատմամբ վստահության պակաս կարող է առաջացնել: Այսինքն, այդպիսով ԿԲ-ները տալիս են մեսիջներ, որ նախկինում սահմանված թիրախներին հասնելու խնդիրներ կան:
Ի դեպ, տևական ժամանակ է ԿԲ-ն չի կարողանում հասնել սահմանված 4 %-ին և գնաճը շարունակում է մնալ բավական ցածր:
Մյուս կարևոր համաշխարհային միտումը նույն զարգացած երկրների մոտ վերջին ճգնաժամերից հետո առաջացած քննարկումներն են՝ միտված բարձրացնելու սահմանված թիրախները:
Ամփոփելով, ևս մեկ անգամ ընդգծենք, որ խոսքը դեռևս քննարկումներին է վերաբերում, և ավելի ցածր թիրախային գնաճն ունի և՛ ռիսկեր՝ տնտեսական աճի ապահովման , և՛ հնարավորություններ՝ դրամավարկային քաղաքականության: