Թրամփի վերադարձը «վենդետա» է քաղաքական էլիտաների համար. Մովսես Ղազարյան

06 Նոյեմբերի 2024, 20:30

Կարծիք | Քաղաքականություն
https://youtu.be/_cPbS7gCs6I

Ռուս քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Մովսես Ղազարյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել Է Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում և ինչպես Վաշինգտոնում իշխանափոխությունը կանդրադառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա:

«Ամերիկյան իսթեբլիշմենթի առավել չափավոր, զանգվածային ուժերը ֆինանսական միջոցներ, մեդիա գործիքներ են ներդրել Քամալա Հարիսի համար, քանի որ տեսել են, որ նա, պայմանականորեն ասած, ավելի հավանական թեկնածու է։ Եվ այստեղ հաղթում է Դոնալդ Թրամփը, և դա, իհարկե, մի տեսակ շոկ է։ Շոկ ամերիկյան էլիտայի ներկայացուցիչների համար, և նույնիսկ ոչ այն պատճառով, որ Միացյալ Նահանգների ներսում, առնվազն դեմոկրատների կողմից, այնպիսի ծրագիր է տարածվում, որ Դոնալդ Թրամփը նպատակաուղղված է Միացյալ Նահանգների ինստիտուցիոնալ վերափոխմանը, քաղաքական համակարգի փոփոխմանը, այլ այն առումով, որ նրա իշխանության գալը մի տեսակ «վենդետա» է մեծ թվով ամերիկյան էլիտաների համար: Այսինքն՝ դա կանդրադառնա Միացյալ Նահանգների ներսում մեծ թվով կարևոր որոշումներ կայացնողների վրա, և ընդհանուր առմամբ դա կանդրադառնա որոշ առաջնահերթությունների փոփոխությանը», — կարծում է փորձագետը։

Alpha News-ի զրուցակիցը վստահ է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի նկատմամբ ծրագրեր ունի, որոնք, Թրամփի վարչակազմի կարծիքով, կարող էին աշխատել Չինաստանի նկատմամբ: Բայց դրան զուգահեռ Ռուսաստանն էլ ունի իր սկզբունքները, որոնցից չի պատրաստվում հրաժարվել։

«Ռուսաստանն այն ուժն է, Վաշինգտոնի համար Եվրասիական փազլի այն տարրն է, որը կարող է օգտագործվել ինչպես Չինաստանի թուլացման, այնպես էլ հզորացման համար։ Եվ այս իմաստով Թրամփի վարչակազմի կարևորագույն առաջնահերթություններից մեկը կլինի Ռուսաստանի Դաշնության հեռավորությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից: Ընդ որում, հարկ է հասկանալ, որ այստեղ շատ կարևոր գործիք է դիտարկվում հենց ուկրաինական դեպքը, այսինքն՝ այն, որ Թրամփը կառաջարկի, պայմանականորեն ասած, ինչ-որ զինադադար, հակամարտության կարգավորում։ Նա դա կառաջարկի Եվրասիայի երկու կարևորագույն երկրների՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների խզման հաշվին։

Ռուսաստանը դրան չի գնա առնվազն այն պատճառով, որ ՌԴ-ն 1990-ականների երկիր չէ։ Այսինքն, ինչպես պայմանականորեն ընկալում են ամերիկյան փորձագիտական հանրությունում, այդ թվում՝ Դոնալդ Թրամփը, որ սա մի երկիր է, որը, կներեք արտահայտությանս համար, դժվար չէ թանկ կամ էժան գնել։ Դա այդպես չէ։ Եվ երկրորդ, Ռուսաստանն ինքը հավակնություններ ունի լինել ուժեղ Եվրասիական տերություն, լինել բազմաբևեռ աշխարհի կենտրոններից մեկը, և Չինաստանն այդ ուղղությամբ, ինչպես նաև Իրանը, Ռուսաստանի Դաշնության համար կարևորագույն և ամենամոտ գործընկերներից մեկն են»,- ընդգծել է Մովսես Ղազարյանը։