Մոսկվան ակնկալում է, որ «3+3» ձևաչափի աշխատանքները կակտիվանան

07 Նոյեմբերի 2024, 14:10

Քաղաքականություն

Մոսկվան ակնկալում է, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում կայացած նախարարական հանդիպումից հետո «3+3» ձևաչափի աշխատանքները կակտիվանան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը։

«Հարավային Կովկասում մենք արել և շարունակում ենք անել հնարավորը «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի ամրապնդման համար։ Ակնկալում ենք, որ Ստամբուլում նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը նշել է Սերգեյ Շոյգուն։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մասնակցել են «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը, որտեղ ընդունվել է նաև համատեղ հայտարարություն։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։

«3+3 խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։