Մոսկվան ազդանշաններ է ուղարկում Հայաստանին. Բորիս Ռոժինը՝ Շոյգուի հայտարարության մասին
07 Նոյեմբերի 2024, 21:30
Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությունն այն մասին, որ իրավիճակը Հարավային Կովկասում մնում է բարդ, դրան խանգարում են արտաքին խաղացողները, բայց դրա բարելավման նախադրյալներ կան:
«Եթե խոսենք Շոյգուի՝ Անդրկովկասում իրավիճակի վերաբերյալ հայտարարության մասին, ապա մենք կարող ենք դրանց վրա հիմնվել՝ Հայաստանի տարածք ներթափանցելու ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունների համատեքստում։ Մենք տեսնում ենք ռազմական համագործակցության ընդլայնում, Հայաստանի տարածքում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ռազմական ներկայության նախապատրաստման աշխատանքների ավելացում։ Այս խնդիրներն արդեն լուծվում են: Բնականաբար, նման գործունեությունն ուղղված է ինչպես Ռուսաստանի շահերի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ներկայության, այնպես էլ Իրանի շահերի դեմ։
ԱՄՆ-ն Իրանի ակնհայտ թշնամին է, և բնական է, որ նման գործունեության առկայությունը Իրանի սահմանների մոտ, մի տարածաշրջանում, որն Իրանն իր շահերի համար կենսական է համարում, նաև սադրանք Է Իրանի դեմ, որը տվյալ պահին հանդիսանում է Հայաստանի գոյության և նրա ներկայիս սահմանների փաստացի երաշխավորներից մեկը։
Մոսկվան պարբերաբար նման ազդակներ է ուղարկում, ինչը ցույց է տալիս, որ չի կարելի միաժամանակ բարեկամ լինել Ռուսաստանի հետ և աջակցել այն ուժերին, որոնց հետ Ռուսաստանը սառը պատերազմի մեջ է։ Եվ նման ազդանշաններ ուղարկում է ոչ միայն Շոյգուն»,- ասել է Ռոժինը։
Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ, եթե Հայաստանի քաղաքականությունը համարժեք լինի։
«Ռուսաստանը պատրաստ է կառուցողական աշխատել Հայաստանի հետ, բայց կրկին Հայաստանի համարժեք քաղաքականության դեպքում: Վերջերս Ռուսաստան եկավ Փաշինյանը (ՀՀ վարչապետ) և փորձում էր որոշ դրական ազդակներ տալ, բայց հիմա Ռուսաստանում ինչ-որ ուղղակի գեղեցիկ ժեստերի այնքան էլ չեն հավատում։ Այսինքն, առաջնորդներից ակնկալվում է իրական գործողություններ, որոնք թույլ կտան նորմալ հարաբերություններ կառուցել: Հիմա, իհարկե, այդ հարաբերությունները չի կարելի նորմալ համարել՝ հաշվի առնելով, որ մի կողմից մարդը (Փաշինյանը) մեկնում է Մոսկվա, պատմում լավ հարաբերությունների մասին, իսկ հետո ՆԱՏՕ-ի հետ վարժանքներ է նախապատրաստում և խոսում Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին։Այս կերպ, իհարկե, կառուցողական հարաբերություններ հնարավոր չէ կառուցել»,- եզրափակել է Ռոժինը։