«ԿԱՐՈՏՈՎ». Պետո Պողոսյանի ցուցահանդեսը՝ Լոս Անջելեսում

12 Նոյեմբերի 2024, 20:30

Մշակույթ

Լոս Անջելեսի «Սարյան» մշակութային կենտրոնում բացվել է գեղանկարիչ Պետո Պողոսյանի «Կարոտով» ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագործությունները Հայաստանի պատկերներ են, որոնք արտերկրում ապրող հայերի մոտ հայրենիքի հանդեպ կարոտ են առաջացնում:

Կենտրոնի հիմնադիր Աշոտ Գեղամյանն ասել է, որ դեռ ամռանն էին մտադիր ցուցահանդեսը կազմակերպել, և իր գոհունակություն է հայտնել այն կյանքի կոչելու համար:

«Բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների և բիենալեների մասնակից Պետո Պողոսյանի այս ցուցահանդեսը բոլորի սրտերն է ջերմացնում»,- իր խոսքում նշել է Արմինե Գեղամյանը:

Ցուցահանդեսին մասնակցում էին հիմնականում Հայաստանից Միացյալ Նահանգներ մշտական բնակության տեղափոխված քաղաքացիներ, արվեստագետներ, գործարարներ:

Դերասան Աշոտ Ադամյանը, որ վերջին շրջանում բնակվում է ԱՄՆ-ում, չկարողանալով թաքցնել իր զգացմունքները, շնորհակալություն է հայտնել նկարչին «կարոտած Երևան պարգևելու համար»:

Երգիչ երգահան Արմեն Մովսիսյանը Alpha News-ին պատմել է, որ վաղուց է ծանոթ հեղինակի աշխատանքներին, նաև նույն հող ու ջրից են՝ Գյումրիից և իր կարոտն առնում է Պետոյի նկարներից։

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 16-ը՝ ժամը 13:00-ից 19:00-ն։ նկարիչը սիրով կընդունի արվեստի սիրահարներին և Հայաստանը կարոտած հայրենակիցներին: