Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ո՞վ է լինելու Հայաստանի գլխավոր լոբբիստը Թրամփի նոր վարչակազմում

13 Նոյեմբերի 2024, 12:15

(Արդյոք Հայաստանը Եվրասիայի վերաբերյալ Պուտինի և Թրամփի գլոբալ պայմանավորվածության մի մասն է)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներով Դոնալդ Թրամփը հաղթանակ տարավ, և 2025 թվականի հունվարի 20-ին կսկսի կատարել իր պարտականությունները որպես ԱՄՆ նախագահ (եթե իհարկե նրա դեմ նորից մահափորձ չկազմակերպեն): Հաջորդ կարևոր հարցը կլինի, թե ինչպիսին կլինի Թրամփի նոր վարչակազմը:

Արդեն պարզ է, որ նրա կազմում չեն լինի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Մայք Պոմպեոն և Ջոն Բոլթոնը, որոնք Թրամփի 2016-2020 թվականների կաբինետի անդամներ էին: Սակայն ակնհայտ է, որ հայ հասարակությունը հիմնականում հետաքրքրված է, թե ո՞վ է լինելու Հայաստանի գլխավոր լոբբիստը Թրամփի նոր վարչակազմում: Արդեն հայտնի է, որ Թրամփի թիմում կլինեն նախկին դեմոկրատներ Թուլսի Հաբբարդը, Ռոբերտ Քենեդի կրտսերը և հանրապետական Վիվեկ Ռամասվամին: Նշված քաղաքական գործիչներից յուրաքանչյուրը տարբեր ժամանակահատվածներում համագործակցել է ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների հետ:

Ավելին, հիշեցնենք, որ 2017 թվականին Թուլսի Գաբբարդն այցելել է Հայաստան և Արցախ: Նա ծագումով Հավայան կղզիներից է, ու այդ նահանգը 2016 թվականին դարձել է ԱՄՆ եզակի նահանգներից մեկը, որը ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը:

Մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ հայտնում են, որ Թրամփի վարչակազմը հիմնականում «կհենվի» «ֆլորիդյան կլանի» վրա: Ապագա պետքարտուղար, ամենայն հավանականությանբ, կդառնա Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ կոնգրեսական Մայքլ Ուոլցը: Առաջինը՝ հակակոմունիստ է, կուբացի ներգաղթյալների ընտանիքի երեխա: Երկրորդը՝ բանակի գնդապետ, «կանաչ բերետ», Աֆղանստանում և Մերձավոր Արևելքում գործողությունների մասնակից: Երկուսն էլ հայտնի են իրենց հակաչինական դիրքորոշմամբ: ԱՄՆ-ի ներկայացուցիչը ՄԱԿ-ում կլինի Է.Ստեֆանիկը, Ջորջ Բուշ կրտսերի նախկին օգնականը: Ի դեպ, Ֆլորիդայում ապրում է ավելի քան 66 հազար հայ, ինչը նահանգը հայերի թվով 6-րդն է դարձնում Ամերիկայի բոլոր նահանգներից։Այլ կերպ ասած, զարմանալի չի լինի, եթե տեղական հայերի բիզնես շահերը կարող են հատվել «ֆլորիդյան կլանի» ներկայացուցիչների հետ Թրամփի վարչակազմում: Նույնիսկ վարչակազմի «թիմի» վերաբերյալ առաջին տեղեկությունների արտահոսքերը ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի հիմնական «հարվածը» (և հնարավոր է ոչ միայն տնտեսական) կլինի Չինաստանի դեմ, ինչը չի կարող չանդրադառնալ Եվրոպայում և Անդրկովկասում նրա ակտիվության վրա:

Տրամաբանությունն ու առողջ բանականությունը հուշում են, որ Չինաստանի դեմ (թեկուզ տնտեսական) դիմակայության համար Վաշինգտոնը պետք է կենտրոնացնի իր բոլոր աշխարհաքաղաքական ռեսուրսները Ասիայում, Հարավարևելյան Ասիայում՝ Չինաստանին զսպելու համար: Դա իր հերթին նշանակում է, որ Եվրասիայի մնացած տարածքում, որտեղից ԱՄՆ-ը կարող է հեռանալ, Վաշինգտոնին անհրաժեշտ է աշխարհաքաղաքական գործընկեր, որը կկարողանա ստանձնել տարածաշրջանի հիմնական օպերատորի գործառույթները: Հարավային Կովկասի դեպքում, որպես նախկին ԽՍՀՄ մաս, այդ գործընկերը կլինի ՌԴ-ն:

Վլադիմիր Պուտին — Դոնալդ Թրամփ քաղաքական համաձայնությունները շատ ավելի լայն կլինեն, քան Ուկրաինայում խաղաղության հարցը: Այս մասին է վկայում նաև Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության վերջին հայտարարությունը, որ ԱՄՆ-ը հայ ժողովրդին տանում է «ազգային ինքնասպանության», որը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև առաջին հերթին Վաշինգտոնին ուղղված ազդանշան էր: Ակնհայտ է, որ Մոսկվան շարունակում է դիտարկել Հայաստանն իր ռազմավարական շահերի սահմաններում:

Պատասխանելով այն հարցին, թե ո՞վ է լինելու Հայաստանի գլխավոր լոբբիստը Թրամփի նոր վարչակազմում, պետք է նշել, որ այս հարցում չպետք է լինեն պատրանքներ. նույնիսկ եթե ԱՄՆ նախագահ դառնար էթնիկ հայ, ՀՀ-ում քաղաքական փոփոխությունների բացակայության դեպքում դա ոչինչ չէր փոխի մեր երկրի համար: Քանի որ ԱՄՆ նախագահի պաշտոնում էթնիկ հայի առկայությունը ինքնաբերաբար չի չեղարկի Հայաստանի՝ Թուրքիայի արտաքին կառավարման տակ գտնվելու փաստը:

Մտածե՛ք այդ մասին…»։