Քաղաքական դեմարշ է Ռուսաստանի հանդեպ. քաղտեխնոլոգը՝ Հռոմի ստատուտն առաջիկայում ԱԺ ուղարկելու մասին
19 Հունիսի 2023, 17:53
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ իշխանությունը վերջնական որոշում չունի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը, վավերացնելու հարցում:
«Եթե իշխանությունը հայտարարում է, որ Հռոմի ստատուտն ուղարկելու են Ազգային ժողով՝ վավերացման, դա դեռ չի նշանակում, որ ուղարկելու են: Նաեւ կարող են ուղարկել Ազգային ժողով, բայց երկար ժամանակ օրակարգ չմտցնեն, ինչ-որ փուլում նույնիսկ կարող է այդ կանոնադրությունը քննարկման առարկա դառնալ հանձնաժողովում, կարող է նաեւ լիագումար նիստերի օրակարգում հայտնվել, բայց քննարկման արդյունքում կարող է սիտուացիոն որոշում ընդունվել՝ ելնելով այդ պահին եղած գնահատականներից: Չեմ կարծում, որ այս պահի դրությամբ իշխանությունները հստակ պատկերացում ունեն, թե այս հարցի շուրջ ինչ որոշում են ունենալու: Սա զուտ քաղաքական դեմարշի նման մի բան է Ռուսաստանի հանդեպ»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը:
Նշենք, որ Կառավարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ Հռոմի ստատուտն առաջիկայում կներկայացնեն Ազգային ժողով, չհստակեցնելով, սակայն, թե երբ: Հռոմի ստատուտը վավերացնող երկրները պարտավորվում են ձերբակալել Ռուսաստանի նախագահին, որին Միջազգային քրեական դատարանը ձերբակալելու հրաման է տվել՝ մեղադրելով նրան ռազմական հանցագործության համար:
Հայաստանի Սահմանադրական դատարանը 2004 թ. Հռոմի ստատուտը հակասահմանադրական էր ճանաչել: 2023 մարտի 24-ին, սակայն, Բարձր դատարանը սահմանադրական է ճանաչել այդ կանոնադրությունը:
Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման է տվել:
Դեռ 2022 թ. դեկտեմբերի 29-ին, Կառավարությունը գործընթաց սկսեց 1998 թ. ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված՝ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը հաստատելու համար: Կառավարությունը որոշել էր կրկին դիմել Սահմանադրական դատարան՝ հիմնավորելով, որ 2004 թ.-ից հետո Հայաստանում երկու անգամ Սահմանադրություն է փոխվել:
Կառավարությունը որոշել էր նորից Հռոմի ստատուտի ճանաչման գործընթացին վերադառնալ՝ հիմնավորելով Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հնարավորությունը:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո Կառավարությունը երեք ամիս ունի՝ Հռոմի ստատուտը Ազգային ժողովին ներկայացնելու համար:
Վիգեն Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը Հռոմի ստատուտն առաջիկայում Ազգային ժողով ուղարկելու վերաբերյալ հայտարարություն է արել, որպեսզի արեւմտյան գործընկերներին ցույց տա, թե Հայաստանը որքանով է վճռական անհրաժեշտության դեպքում ինչ-որ քայլերի դիմել:
«Իշխանությունների վերջնական որոշումը կախված կլինի այդ պահի իրավիճակից, այդ պահի դրությամբ Ռուսաստանի աշխարհաքաղաքական քաշից, Ռուսաստանի ռազմական հնարավորությունից եւ այլն: Կարծում եմ՝ առայժմ այս թեման բարձրաձայնելը զուտ քաղաքական եւ աշխարհաքաղաքական սակարկությունների թեմա է Հայաստանի այսօրվա իշխանությունների համար»,- ասաց քաղտեխնոլոգը:
Սակարկությունները նրա խոսքով՝ վերաբերում են Արցախի կարգավիճակի հարցին:
«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն առաջարկել էր Արցախի կարգավիճակի հարցն առկախել եւ թողնել հաջորդ սերունդներին, մինչդեռ ՀՀ իշխանությունները փորձում են այդ հարցը մեկընդմիշտ փակել, ըստ էության, շարժվելով արեւմտյան առաջարկով: Այս պարագայում Հայաստանի ղեկավարությունը անվստահություն ունի Ռուսաստանի նկատմամբ եւ փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Ռուսաստանին նախ մեկուսացնի Արցախի պրոցեսներից, ապա նրան տարածաշրջանից փուլ առ փուլ հանի: Սակարկություններն այս հարցերի շուրջ են»,- ընդգծեց Հակոբյանը:
Նրա դիտարկմամբ՝ Հռոմի ստատուտի վավերացումը բացասաբար կադզի հայ-ռուսական հարաբերությունների վրա:
«Կարծում եմ, որ Ռուսաստանն այդ քայլը առնվազն կդիտարկի որպես ոչ բարեկամ երկրի քայլ: Ռուսաստանը կարող է նաեւ համապատասխան սիմետրիկ կամ ասիմետրիկ գործողությունների դիմել, սկսած սանկցիաներից, վերջացրած քաղաքական քայլերով»,- հավելեց քաղտեխնոլոգը: