Անաստաս Միկոյան․ Նա փրկեց ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ը և Կուբան

13 Նոյեմբերի 2024, 23:30

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Անաստաս Միկոյանը Խորհրդային քաղաքականության վետերան է, ով մտել է ԽՍՀՄ իշխող վերնախավի կազմի մեջ։ Նա Խորհրդային Միության ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից էր, ապրել ու պաշտոնավարել է չորս գլխավոր քարտուղարների օրոք՝ Լենինից մինչև Բրեժնև։
Միկոյանը պատերազմի ժամանակ եղել է պաշտպանության պետական կոմիտեի անդամ, իսկ 1962 թվականի Կարիբյան ճգնաժամի պայմաններում մեկնել է Կուբա՝ աշխարհը փրկելու երրորդ համաշխարհային պատերազմից։ Անաստաս Իվանովիչը (Հովհաննեսովիչ) շատ հագեցած կյանք է ապրել և բավականին լուրջ ներդրում է ունեցել ԽՍՀՄ զարգացման գործում։

Անաստաս Միկոյանը ծնվել է Լոռու մարզի Սանահին գյուղում։ 1916թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան հայոց հոգևոր ճեմարանը, իսկ ավելի ուշ ընդունվել է Էջմիածնի հոգևոր ճեմարանը։

Նա մեծ ստրատեգ էր: 1962-ի աշնանը ամերիկացիները հաստատեցին Կուբայի ռազմածովային շրջափակումը՝ փորձելով հակազդել այնտեղ սովետական միջուկային հրթիռների տեղակայմանը: Աշխարհն արդեն որերորդ անգամ հայտնվել էր Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։

Եւ Անաստաս Միկոյանն առանցքային դերակատարություն է ունեցել Կարիբյան ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման գործում։

Այդ ընթացքում կյանքից հեռացել էր Միկոյանի կինը, սակայն նա իր մեջ ուժ է գտել ավարտելու առաջադրված խնդիրները։ Նա բանակցություններ է վարել Ֆիդել Կաստրոյի և Ջոն Քենեդիի հետ, արդյունքում ծանրագույն իրավիճակից հաջողվում է խաղաղ ելք գտնել։ Կաստրոն համաձայնվում է հրաժարվել միջուկային զենքից, իսկ Քենեդին խոստանում է չհարձակվել Կուբայի վրա։ Ռազմավարական մտածողության և բանակցողի հակումների շնորհիվ Միկոյանին հաջողվել է խուսափել ծանրագույն իրավիճակից և պատերազմից։

Միկոյանի ողջ գործունեությունը տարբեր պաշտոններում ապացուցում էր, որ նա անկախ գործիչ էր, ով նորամուծություն էր մտցնում պետության մեջ։ Միկոյանի կապերն արտերկրում, ԱՄՆ-ի հետ հանգեցրին նրան, որ ԽՍՀՄ-ում արմատապես փոխվեց արդյունաբերությունը։
Անաստաս Միկոյանը կյանքից հեռացել է 1978 թվականի հոկտեմբերի 21-ին: