Ռուսական «Առաջին ալիք»-ը հյուրընկալել է Ջիվան Գասպարյան կրտսերին

17 Նոյեմբերի 2024, 13:00

Մշակույթ

Լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռը՝ կրտսեր Ջիվան Գասպարյանը ելույթ է ունեցել ռուսական «Առաջին ալիք»-ի ««Անտրոպոլոգիա» («Մարդաբանություն») հաղորդաշարի շրջանակում։

Նա պատմել է, թե ինչն է իրեն ստիպել հրաժարվել դեղագործի մասնագիտությունից և գնալ պապի հետքերով, ինչպես նաև ասել է, թե ինչ խորհուրդներ է տվել իրեն ավագ Ջիվան Գասպարյանը:

Ջիվան կրտսերը կատարել է այն ստեղծագործությունները, որոնք նա ժամանակին նվագել է իր պապի հետ։ Երաժիշտը ցույց է տվել, թե ինչքան իդեալական է դուդուկը տեղավորվում ջազային երաժշտության աշխարհում։ Հաղորդման ժամանակ նա նաև մի քանի հայկական գործեր է կատարել։

«Ես Ջիվան Արամայիսի Գասպարյանին նվիրեցի Ռուսաստանին։ Ջիվան Գասպարյանի անունը կրկին հնչում է այստեղ, միայն թե նա կրտսերն է: Քեռի Ջիվանը ծիրանափողը (ծիրանի փայտից պատրաստված դուդուկը — խմբ.) հայտնի դարձրեց ամբողջ աշխարհում, դուրս բերեց գերեզմանոցից՝ Մեծ թատրոնի դահլիճ, մեծ կինո»,- նշել է «Անտրոպոլոգիա» պոդքասթի հաղորդավար Դմիտրի Դիբրովը՝ խոսելով լեգենդար վարպետի մասին։