Բայրամովը պատասխանել է Փաշինյանի՝ տրանսպորտային հաղորդակցությունների մոտալուտ բացման մասին հայտարարությանը

15 Նոյեմբերի 2024, 13:46

Քաղաքականություն

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը տրանսպորտային հաղորդակցությունների մոտալուտ բացման մասին։

Հիշեցնենք, որ Փաշինյանը նախօրեին ասել էր՝ օրերս հնարավոր է որոշում կայացվի բացել տարածաշրջանային հաղորդակցությունները։ Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են տրանսպորտային հաղորդակցությունների բացման փոխադարձ ընդունելի որոշմանը։

Բայրամովի խոսքով՝ 2020 թվականի եռակողմ հայտարարության մեջ հատուկ կետ կա.

«Դրանում նշված են Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները։ Այս թեման արդեն երկար քննարկվում է։ 3,5 տարվա քննարկումներից հետո մենք ուշացած ենք համարում «պայմանավորվածություն է ձեռք բերվել» արտահայտությունը։ Այդ պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերվեր։ Եթե դրա վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ դեռ չկա, եթե Հայաստանն այդ ուղղությամբ աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան։ Իսկ Ադրբեջանի տարածքում արդեն երկար ժամանակ արագ տեմպերով աշխատանքներ են տարվում տրանսպորտային-հաղորդակցական ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որը մոտ ժամանակներս կհասցվի Հայաստանի հետ սահմանին»,-ասել է նա։

Բայրամովը նաև նշել է, որ Ադրբեջանի ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է COP29-ի վրա, և մինչև դեկտեմբեր հայկական կողմի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը քննարկելու համար հանդիպումն անհնար է։ Նա միաժամանակ ասել է՝ «նման հանդիպում տեղի կունենա դեկտեմբերին, թե հաջորդ տարվա հունվարին, դեռ հստակ պայմանավորվածություն»։