«Պատմության էջեր. Հայաստան-Դոնի» փաստաթղթերի ցուցահանդեսը՝ Ռոստովում

18 Նոյեմբերի 2024, 12:34

Մշակույթ

Դոնի Ռոստովի Ռուս-հայկական բարեկամության թանգարանում նոյեմբերի 14-ին բացվել է «Պատմության էջեր. Հայաստան-Դոնի» փաստաթղթերի ցուցահանդեսի երկրորդ մասը, որը Ռոստովի մարզի պետական արխիվի «Հայաստան-Դոնի» ցուցահանդեսային նախագծի շարունակությունն է: Նախագծի առաջին մասը լայն լսարանին է ներկայացվել 2023 թվականին։

2024 թվականին լրանում է Նոր Նախիջևանի հիմնադրման 245-ամյակը։ Քաղաքը հիմնադրվել է 1779 թվականի նոյեմբերի 14-ին Եկատերինա 2-րդի հրամանով՝ Ղրիմից տեղահանված հայերի կողմից։ Ցուցահանդեսում ներկայացված են Ռոստովի և Նախիջևանի կայացման և զարգացման գործում մեծ դեր ունեցած նախիջևանցիների՝ քաղաքային ճարտարապետ Ն. Ն. Դուրբախի, Ալաջալովների ընտանիքի և այլ հայտնիների մասին փաստաթղթեր։

Ցուցահանդեսում կարևոր տեղ են զբաղեցնում գրող, բանաստեղծուհի, պատմաբան և լրագրող, Լենինյան մրցանակի դափնեկիր Մարիետա Սերգեյի Շահինյանի կյանքին և գործունեությանը նվիրված փաստաթղթերը։ Ներկայացված է նաև Դոնի Ռոստովում վիմագրության հիմնադիր Ի. Ա. Տեր-Աբրահամյանի կենսագրությունը, ինչպես նաև փաստաթղթեր այն հայտնի հայերի մասին, որոնց տներն այսօր էլ զարդարում են Ռոստովը՝ Մելքոնովներ-Եզեկովներ, Յաբլոկովներ, Չեռնովներ:

Կան նաև փաստաթղթեր Ռոստովի մարզի պետական արխիվից, ինչպես նաև լուսանկարներ Ռոստովի մարզային երկրագիտական թանգարանի, «Մ. Ա. Բուլգակովի թանգարանի» (Մոսկվա), Մ. Ս. Սարյանի տուն-թանգարանի (Երևան) և ընտանեկան արխիվների ֆոնդերից:

Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 22-ը: Ցուցադրության երրորդ մասը հասանելի կլինի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 19-ը Դոնի պետական հանրային գրադարանում: