Գրոդնոյում բացվել է հայազգի նկարիչ Գրիգոր Դանիելյանի ցուցահանդեսը

18 Նոյեմբերի 2024, 13:28

Մշակույթ

Բելառուսի Գրոդնո քաղաքի կրոնի պատմության պետական թանգարանում ընթանում է հայ նկարիչ Գրիգոր Դանիելյանի «Ներքին լույս» գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Ներկայացված կտավների սյուժեները կապված են թատերական արվեստի պատմության, փիլիսոփայության, դիցաբանության և աստվածաշնչյան ավանդույթների հետ։

Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում արվեստասեր հանրությանը ծանոթանալ հայազգի նկարչի ստեղծագործական ուղու տարբեր փուլերում արված աշխատանքներին, որոնցում արտացոլվել են տարատեսակ ուղղություններ, այդ թվում՝ էքսպրեսիոնիզմ, կուբիզմ, կոլլաժային արվեստ և այլն։

1990-ականների սկզբից Գրիգոր Դանիելյանն ապրում և ստեղծագործում է Մինսկում, որտեղ սկսել է զբաղվել յոգայով և իր աշխատանքներում օգտագործել տարբեր մշակութային հոսանքների և էթնիկ ավանդույթների երանգներ: