Սեմյոն Բաղդասարով․ Ռազմական փորձ ունեցող փայլուն վերլուծաբանը

20 Նոյեմբերի 2024, 23:52

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Նոյեմբերի 20-ը ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովի ծննդյան օրն է:

Սեմյոն Արկադիի Բաղդասարովը ծնվել է 1954 թվականին Ուզբեկստանի Մարգիլան քաղաքում` հայկական ընտանիքում։ Ավարտել է Ուլյանովսկի գվարդիայի բարձրագույն տանկային հրամանատարական ուսումնարանը, Ռազմաքաղաքական ակադեմիան։ Նա պահեստազորի գնդապետ է։

Ավելի ուշ Սեմյոն Բաղդասարովը սկսել է աշխատել ԱՊՀ հարցերով նախարարությունում, եղել Է ԱՊՀ միջպետական տնտեսական կոմիտեի կոլեգիայի նախագահի օգնականը։ Նա նաև դարձել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի առաջին տեղակալի խորհրդական, ՌԴ դաշնությունների և ազգությունների գործերով նախարարի խորհրդատու։

Բաղդասարովը զբաղեցնում էր Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Նիժնի Նովգորոդի շրջանի վարչակազմի ներկայացուցչության ղեկավարի պաշտոնը։ Իսկ 2007 թվականին զբաղեցրել է «Հանուն արդար Ռուսաստանի» հասարակական միավորումների միության գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը: Բաղդասարովին ընտրել են 5-րդ գումարման Պետական Դումայի պատգամավոր, նա նաև եղել է Դումայի միջազգային գործերի կոմիտեի կազմում։

2014 թվականից Սեմյոն Բաղդասարովը զբաղեցնում է «Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումնասիրության կենտրոն» ՀԿ-ի տնօրենի պաշտոնը, որտեղ մասնագիտորեն զբաղվում է Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում տեղի ունեցող սուր հարցերի վերաբերյալ քաղաքական և ռազմական վերլուծություններով:

Սեմյոն Բաղդասարովը հարգված փորձագետ և հետաքրքիր զրուցակից է, ում հաճախ են դիմում այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար:

Սեմյոն Բաղդասարովի հետ մի շարք հարցազրույցներ կարելի է գտնել Alpha News-ի յութուբյան ալիքում: