Ադրբեջանն իր պահանջներով փորձում է հայկական դատական գործերի արժեքը նվազեցնել․ Սիրանուշ Սահակյան
21 Նոյեմբերի 2024, 10:30
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան։ Հայաստանը մեղադրվում է «էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի իրավունքները խախտելու համար»։ Բաքուն շարունակում է փոխհատուցում պահանջել Հայաստանից իբր էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները խախտելու, «Ադրբեջանի տարածքներում» (նկատի ունեն իրենց կողմից օկուպացված Արցախը) վերականգնվող էներգիայի աղբյուրներն ապօրինի շահագործելու և վնաս պատճառելու համար։
Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։
«Մեր ունեցած տեղեկություններով ադրբեջանական կողմը կապ է հաստատել աշխարհի լավագույն ընկերությունների հետ և փորձում է վնասի հաշվարկ իրականացնել, ինչը բավականին բարդ, ծախսատար և ժամանակատար գործընթաց է։ Սակայն հասկանալի է, որ տասնյակ, հարյուրավոր միլիարդների մասին կարող է խոսքը գնալ։ Թե Հայաստանը, թե Ադրբեջանը ներկայացված են պաշտոնատար անձանց միջոցով, օրինակ՝ ՀՀ-ն ներկայացված է Միջազգային իրավական հարցերով գրասենյակի ղեկավարի և աշխատակազմի միջոցով, ադրբեջանական կողմը՝ ԱԳ նախարարի մակարդակով։ Սակայն երկու պետություններն էլ ներգրավել են միջազգային իրավաբանական ընկերություններ և խորհրդատուներ, որոնց մի մասն ունեն աֆիլյացիա նաև համալսարանների հետ»,- նշել է Սահակյանը։
Իրավապաշտպանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ հիմնավոր պահանջներով է դատական հայցեր նախաձեռնում, և դրանց նպատակը հայկական դատական գործերի արժեքը նվազեցնելն է։
«Այս փուլում շանսեր գնահատելը վաղ է, հատկապես, որ հայցը դեռևս հրապարակայնորեն հասանելի չէ անկախ հետազոտողներին, փորձագետներին։ Որպես միտում նշեմ, որ Ադրբեջանը չփաստարկված, ոչ հիմնավոր պահանջներով է դատական հայցեր նախաձեռնում, դրանց նպատակը հայելային պատկեր ստեղծելն է և հայկական դատական գործերի արժեքը նվազեցնելը։ Առայժմ հայկական կողմը հաջող է վարում իրավական գործընթացները և դրա վառ ապացույցը նաև ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի վերջին որոշումն էր, որով Ադրբեջանի ողջ առարկությունները մերժվել էին, իսկ Հայաստանի կողմից ներկայացված առարկություններից 2-ն ընդունվել էր դատարանի կողմից։ Լիահույս ենք, որ գործերը նույն գրագիտությամբ վարվելու են և ՀՀ-ն կարողանալու է նաև հաղթանակ արձանագրել այս հարթակում, բայց պարտության ելքը ևս պետք չէ բացառել»,- եզրափակել է Սահակյանը։