Արմեն Գրիգորյան. Ռուսական ռոքի «հայրերից» մեկը
24 Նոյեմբերի 2024, 23:25
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Նոյեմբերի 24-ը ռուսաստանաբնակ հայազգի ռոք երաժիշտ, «Կրեմատորի» խմբի հիմնադիր և երգահան Արմեն Գրիգորյանի ծննդյան օրն է:
Արմեն Գրիգորյանը ծնվել է 1960 թվականին Մոսկվայում՝ հայ ընտանիքում։ Նրա հայրը՝ Սերգեյ Արիստակեսի Գրիգորյանը, ավիաշինարար էր և դիվանագետ, արևելագետ, իսկ մայրը՝ Աիդա Միքայելի Թունյանը, ծնունդով Գորիսից էր, մասնագիտությամբ՝ մանրէաբան։
Արմեն Գրիգորյանը մանկուց սպորտով է զբաղվել, եղել է ֆուտբոլի չեմպիոն՝ Լենինգրադի շրջանում։ Իր կյանքի ընթացքում պահպանել է սերը այս մարզաձևի նկատմամբ, փորձում էր մասնակցել ազգային հավաքականի խաղերին միջազգային խոշոր մրցաշարերում:
Գրիգորյանի մյուս հոբբին երաժշտությունն էր. ավագ դպրոցում երիտասարդը ստեղծել է «Սև կետեր» խումբը:
Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում։ Դեռ որպես ուսանող՝ Գրիգորյանը հիմնել է «Մթնոլորտային ճնշում» խումբը։ Նա խոստովանել է, որ երիտասարդ տարիներին երաժշտությունն ընկալել է որպես հոբբի՝ չմտածելով այս ոլորտում մեծ բարձունքների հասնելու մասին։
1980-ականների սկզբին Գրիգորյանը համակուրսեցի Վիկտոր Տրոեգուբովի հետ ստեղծել է «Կրեմատորի» ռոք խումբը։ Սկզբում խումբը ելույթ էր ունենում բնակարաններում և շատ արագ ժողովրդականություն ձեռք բերեց Մոսկվայում, իսկ հետո՝ համամիութենական մակարդակով։ Այդ ժամանակ «Կրեմատորի»-ն Մոսկվայի ռոք փառատոնում Գրան պրի ստացավ։
Խմբի ամենահայտնի հիթերից են «Տգեղ Էլզան», «Փոքրիկ աղջնակը», «Տանյան», «Վերջին շանսը», «Կատմանդու», «Ուրախ համույթը» և այլն։
«Կրեմատորի» խումբը մինչ օրս բավականին հայտնի և սիրված է։ Անցյալ տարի խումբը նշել է իր ստեղծման 40-ամյակը։
Խումբը նաև թողարկել է «The Big One» բազմալեզու ալբոմը․ ռուսական ռոքի պատմության մեջ թերևս առաջին դեպքն է, երբ որևէ խումբ թողարկում է տարբեր լեզուներով թարգմանված իր լավագույն երգերի ալբոմը։
Գրիգորյանի տաղանդը դրսևորվել է ոչ միայն երաժշտության մեջ, նա նաև հրաշալի նկարիչ է։ Դեռևս 2000-ականներին նա բացել է մի շարք անհատական ցուցահանդեսներ և թողարկել հեղինակային աշխատանքների կատալոգ։ Նա նաև մի շարք ճարտարապետական նախագծերի հեղինակ է: