Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ ուսանողներին

20 Հունիսի 2023, 21:00

Հայեր

Հունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ ուսանողներին և պրոֆեսորադասախոսական անձնակազմին` գլխավորությամբ ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի:

Տիար Մելքոնյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց ֆակուլտետի այս տարվա ձեռքբերումները և ընդգծեց, որ շրջանավարտ ուսանողներն իրենց ձեռք բերած գիտելիքներով օգտաշատ ծառայություն կբերեն հայրենի պետությանը և հայ ժողովրդին։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, շնորհավորելով շրջանավարտներին, մաղթեց նրանց արդյունավոր գործնեություն և նորանոր հաջողություններ։

Վեհափառ Հայրապետը ներկաներին շնորհավորեց նաև Արևելագիտության ֆակուլտետի հիմնադրման 55-ամյակի առիթով` կարևոր նկատելով ֆակուլտետի առաքելությունը հարևան ժողովուրդների և երկրների անցյալի, ներկայի, մշակութային ժառանգության ու հայ ժողովրդի հետ առնչությունների ուսումնասիրության ուղղությամբ մասնագետների պատրաստման գործում։

Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Արևելագիտության ֆակուլտետում ուսում և կրթություն ստացած շրջանավարտները կարևոր ներդրում են ունեցել պետականաշինության և Մերձավոր Արևելքի շատ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների արդյունավորման և բարի դրացիական կապերի ձևավորման գործում։ Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց ֆակուլտետի շրջանավարտներին հայրենասիրական ոգով, ազգային արժեքների նկատմամբ մեծագույն նախանձախնդրությամբ, գիտական նոր ուսումնասիրություններով իրենց մասնագիտության շրջանակներում նպաստեն հայրենիքի զարգացմանն ու առաջընթացին։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Մայր Աթոռի և Արևելագիտության ֆակուլտետի միջև առկա փոխգործակցությանը՝ ընդգծելով, որ ֆակուլտետի շրջանավարտները դասավանդել են նաև Գևորգյան հոգևոր ճեմարանում, ինչը ևս կապեր է ձևավորել ապագա եկեղեցականների և արևելագետ երիտասարդների միջև։

Վերջում Նորին Սրբությունը պատասխանեց շրջանավարտների հարցերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի վերահասկողության տակ անցած հայկական հոգևոր, մշակութային ժառանգության և համաշխարհայնացման պայմաններում ազգային ինքնության պահպանմանն ուղղված Մայր Աթոռի ջանքերին, ինչպես նաև հայ-իրանական հարաբերություններում Հայ Եկեղեցու դերակատարությանը։