Անտոն Քոչինյան․ Խորհրդային Հայաստանի հմուտ պետական գործիչներից մեկը
25 Նոյեմբերի 2024, 23:30
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Նոյեմբերի 25-ը պետական ականավոր գործիչ Անտոն Քոչինյանի ծննդյան օրն է։
Ծնվել է 1913 թվականին Լոռու մարզի Վահագնի գյուղում։ Ավարտել է կոմունիստական գյուղատնտեսական բարձրագույն դպրոցը։ Քոչինյանն ուներ սուր միտք։ Աշխատել է որպես լրագրող, ապա՝ խմբագիր։1937 թվականին ընտրվել է ՀԼԿԵՄ Ազիզբեկովի շրջկոմի առաջին քարտուղար, 1938 թվականին՝ ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար, 1939 թվականին՝ առաջին քարուղար, 1950-1975թթ-ին՝ ԽՍՀՄ և 1951-1975թթ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1952-1966 թթ-ին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդի նախագահ, 1954-1958թթ.՝ ՀԽՍՀ արտաքին գործերի մինիստր (նախարար)։
Նա հմուտ գործիչ էր, կարողանում էր հաղորդակցություն հաստատել թե Կենտրոնի, հարևանների և անգամ ենթակաների հետ։
Անտոն Քոչինյանի բեղմնավոր աշխատանքի ընթացքում սկսվել է Արփա-Սևան թունելի կառուցումը։ Երևանում մետրոպոլիտեն կառուցելու նախաձեռնությունը ևս պատկանում է Քոչինյանին. այն հետո այն կյանքի կոչեց Կարեն Դեմիրճյանը։
Հետաքրքիր պատմություն է պատմվում։ «Երբ Վ.Ի.Բրեժնևը Երևան էր եկել, օդանավակայանից դեպի Երևան ճանապարհին «խցանում» առաջացավ. քաղաքը մեծացել է և առանց մետրոպոլիտենի այլևս հնարավոր չէ», — ասել էր Լեոնիդ Իլյիչին Քոչինյանը: Բրեժնևն էլ չէր մերժել հմուտ ղեկավարին:
Ի դեպ, հենց Անտոն Քոչինյանն է ստորագրել ատոմակայան կառուցելու որոշման թղթերը։ Այն պետք է բավարարվեր Հայաստանում էներգետիկ ռեսուրսների աճող պահանջարկը: Նրա պաշտոնավարման օրոք է կառուցվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հիսուներեքամյա Մինիստրների խորհրդի նախագահը, որը 13 տարի ղեկավարել էր գործադիր իշխանությունը, 1966-ին դարձել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ևս 12 տարի ղեկավարելով Հայաստանը։
Պատմում են, որ տարիներ շարունակ, մինչև իր մահը, նա հաճախ էր լինում պետական արխիվում ու ընթերցում իր ստորագրած փաստաթղթերը: Ընթերցում ու խորիմաստ ժպտում էր։