Ընդդիմությունը ղեկավարում են իշխանությանը ձգտող օպորտունիստները․ Շոթա Ապխաիձե
26 Նոյեմբերի 2024, 10:45
Վրացի քաղաքագետ, Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Շոթա Ապխաիձեն Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը Վրաստանում, որը ստեղծվել է խորհրդարանական ընտրություններից հետո:
«Հիմնական գործոնները, որոնք առաջացնում են դժգոհություններ, որոնք մենք այժմ տեսնում ենք Թբիլիսիի փողոցներում, իհարկե, աշխարհաքաղաքական են։ Երկրորդը կապված է համակարգային հարցերի և ընտրությունների արդյունքների հետ: Սրանք երկու հիմնական գործոններն են, որոնք սկզբունքորեն դուրս են բերում այդ մարդկանց փողոց: Բայց այստեղ պետք է հասկանալ վրացական քաղաքականության ներքին խոհանոցը, պետք է վերլուծել ամբողջ իրավիճակը և ճիշտ եզրակացություն անել։ Դժգոհ մարդիկ մեկ կուսակցություն կամ կազմակերպություն չեն։ Սա բազմազան ընդդիմություն է և փողոց են դուրս գալիս մարդիկ, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն ապակառուցողական ընդդիմության հետ, այլ պարզապես ինչ-որ բանից դժգոհ են, որովհետև ցանկացած երկրում և ցանկացած պետությունում կան մարդիկ, որոնք դժգոհ են կառավարության բարեփոխումներից կամ սոցիալ-տնտեսական իրավիճակից։ Ըստ այդմ, փողոց է դուրս գալիս տարբեր լսարան, այսինքն՝ նման խճանկար է, բայց հիմնականում ընդդիմության առաջնորդների կողմից է կազմակերպված»,- նշել է նա։
Քաղաքետի խոսքով՝ այս ցույցերի առաջնորդների մեծ մասն այն մարդիկ են, որոնք որոշակի ապակառուցողական տարր են մտցնում, նրանք ռևանշի են տենչում, կարելի է ասել՝ փափագում են գալ իշխանության և տապալել «Վրացական երազանք»-ը։
«Եվ արդեն կապ չունի՝ դա կլինի բռնի ճանապարհով, թե ընտրությունների միջոցով։ Իսկ հետո նրանք ուզում են ուլտրա-լիբերալ արևմտամետ քաղաքական համակարգ հաստատել։ Սակայն այստեղ պետք է հասկանալ՝ այն մարդիկ, որոնք հավակնում են լինել արևմտամետ և իրենց հռչակում են լիբերալ, իրականում արևմտամետ չեն։ Նրանց մեծ մասը սովորական օպորտունիստներ են, այսինքն՝ մարդիկ, որոնք չունեն իրենց սեփական արժեքները և ոչ մի արևմտյան լիբերալ գաղափարախոսություն չեն հասկանում։ Սակայն եթե նրանք իրենց ներկայացնեն որպես լիբերալներ և արևմտամետներ, ապա կունենան ֆինանսական և քաղաքական աջակցություն Արևմուտքի կողմից, իսկ հետո կստանան իշխանություն, ինչն արդեն այլ հնարավորություններ կտա։
Հասարակության խնդիրը հետխորհրդային տարածքում և հատկապես Հարավային Կովկասում հենց այն է, որ պահպանողականների մեծ մասն այդպիսին չէ, իսկ արևմտականների և լիբերալների մեծ մասը նույնպես իսկական լիբերալներ և արևմտականներ չեն։ Օպորտունիզմը հսկայական խնդիր է, քանի որ մարդիկ սուբյեկտիվ նպատակներ ունեն՝ հասնել իշխանության, հետո իրենց ձեռքին վերցնեն բյուջեն և քաղաքական իշխանությունը։ Տվյալ դեպքում բոլոր այդ գործընթացների կատալիզատորը, որոնք այժմ տեղի են ունենում Վրաստանում, սոցիալ-տնտեսական իրավիճակն է, բայց դա ոչ մի իրավունք չի տալիս Արևմուտքին միջամտել Վրաստանի ներքաղաքական գործերին», — նշել է Շոթա Ապխաիձեն։