Թուրքական ճնշման տակ Հայաստանի ղեկավարները պատրվակներ են ներկայացնում «Նեմեսիսի»-ի համար. Սասունյան
10 Մայիսի 2023, 10:26
Հենց այն ժամանակ, երբ կարծում էինք, որ լսել ենք ամեն ինչ Հայաստանի ներկայիս իշխանության վիճահարույց դիրքորոշման մասին Արցախի, Հայաստանի և հայկական շահերի վերաբերյալ, մենք բախվում ենք Հայաստանի ղեկավարների հերթական մեծ սխալին։
2023 թվականի ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչներին սպանողների ժառանգները Երևանում բացեցին «Նեմեսիսի» հուշարձանը։ Արարողությանը ներկա էին Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներ, և, որքան էլ զարմանալի է, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամ է։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն վրեժխնդիր է եղել «Նեմեսիսի» հուշարձանի համար՝ հայտարարելով, որ Թուրքիան արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները Թուրքիայի օդային տարածքով։ Ավելին, Չավուշօղլուն լկտիաբար հայտարարել է, որ Թուրքիան լրացուցիչ քայլեր կձեռնարկի Հայաստանի դեմ, եթե չապամոնտաժվի «Նեմեսիսի» հուշարձանը։
Եթե նույնիսկ Թուրքիան մի օր բացի սահմանը, նա նորից կփակի այն, եթե Հայաստանը չկատարի Թուրքիայի հետագա պահանջներից որևէ մեկը՝ շարունակաբար շանտաժի ենթարկելով Հայաստանի կառավարությանը։
Սա է չզղջացող թշնամու առաջ ծնկի գալու և խաղաղություն մուրալու հետևանքը։ Ի պատասխան Թուրքիայի օդային տարածքով հայկական թռիչքների արգելքին, Հայաստանի ղեկավարները քննադատեցին իրենց երկրին՝ Երևանում «Նեմեսիսի» հուշարձանը կանգնեցնելու համար՝ փոխարենը Թուրքիային ասելու, որ իրենք իրավունք չունեն միջամտելու Հայաստանի ներքին որոշումներին։
Թուրքիային հանգստացնելու փորձի ընթացքում Հայաստանի վարչապետն ու խորհրդարանի նախագահը մի շարք հայտարարություններ արեցին ընդդեմ հուշարձանի։ Այսինքն, Թուրքիայի համար նորմալ է փառաբանել Թալեաթին՝ թուրք Հիտլերին, սակայն Հայաստանի համար նորմալ չէ մեծարել դահիճին սպանող հայորդիներին։
Եթե Հայաստանն անհապաղ չմերժի Հայաստանի ներքին գործերին միջամտելու Թուրքիայի փորձերը, ես մտավախություն ունեմ, որ թուրքական կառավարությունը կհամարձակվի առաջադրել հետագա պահանջներ, որոնք լրջորեն կսահմանափակեն Հայաստանի ինքնիշխանությունը։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի