ԱՄՆ-ը Հայաստանում առաջ է մղում արևմտամետ կուսակցություններին. ՌԴ ԱՀԾ
27 Նոյեմբերի 2024, 11:26
Վաշինգտոնը սկսել է Հայաստանում արևմտամետ կուսակցությունների քաղաքական «առաջմղումը»՝ օգնելու նրանց խորհրդարան անցնել 2026 թվականի ընտրությունների ժամանակ:
Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ կուսակցությունների առաջ խնդիր է դրված հակազդել իշխանություններին, եթե նրանք փորձեն հետևել Վրաստանի օրինակին։
«Արդեն սկսվել է արևմտամետ կուսակցությունների քաղաքական «առաջմղումը»՝ 2026 թվականի ընտրություններում նրանց մուտքը խորհրդարան ապահովելու համար։ «Ժողովրդավարության այս անզիջում կողմնակիցների» առաջ խնդիր է դրված Հայաստանի գործադիր իշխանության «ձեռքերին հարվածելու», եթե այն, հետևելով հարևան Վրաստանի կառավարության օրինակին, նպատակ ունենա առաջնահերթություն տալ ազգային օբյեկտիվ շահերին, հայ ժողովրդի ավանդույթներին և արժեքներին։
Միացյալ Նահանգների գլոբալիստական «ժողովրդավարացման» շրջանակներում նման ուժեր են համարվում Արամ Սարգսյանի «Հանրապետություն», Արման Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունները, Տիգրան Խզմալյանի «Հայաստանի Եվրոպական կուսակցությունը» և Լևոն Շիրինյանի «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում: