Հրադադարից 24 ժամ առաջ Նեթանյահուն գրել էր Ասադին՝ կրակի հետ չխաղա. Հովհաննես Շեհիրյան

28 Նոյեմբերի 2024, 10:00

Քաղաքականություն

Սիրիայի ազգային բանակի և զինյալ ահաբեկչական խմբավորման միջև տեղի ունեցած բախումները չեն կարող ազդել Լիբանանի և Իսրայելի միջև կնքված հրադադարի վրա: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է լրագրող, Հալեպի բնակիչ Հովհաննես Շեհիրյանը:

«Երեկ կնքված հրադադարը կարող ենք համարել, որ արդյունքն է Սիրիայի և տարածաշրջանի երկրների համատեղ աշխատանքի: 24 ժամ առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նամակ էր հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, որ կրակի հետ չխաղա: Եվ պարզ է, որ Հալեպի արվարձաններում տեղի ունեցող պատերազմը արդյունքն է Թել Ավիվի հրամանների, քանի որ Սիրիայում պատերազմի ընթացքում արդեն իսկ կային զինյալ խմբավորումներ, և այս մեկը շատ հստակ էր ու բոլորին հայտնի: Այժմ Սիրիայի ազգային բանակը պայքարում է, որ զինյալները չմտնեն այն շրջաններ, որոնք նախապես որոշվել էին ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ղեկավարների կողմից»,- նշել է Շեհիրյանը:

Խոսելով հայ համայնքի և հիմնականում հայերով բնակեցված շրջաններում տիրող իրավիճակի մասին, լրագրողն ասել է.

«Հայ համայնն ընդհանուր առմամբ կենտրոնացած է Հալեպ քաղաքի անվտանգ թաղամասերում: Պայթյունների բարձր ձայները լսելի են, սակայն դրանք չեն սպառնում հայկական թաղամասերին։ Կարող եմ միայն ասել, որ եթե անգամ շոշափելի վնաս կամ վտանգ չկա, ապա իրավիճակը հոգեբանական առումով բացասական ազդեցություն է ունենում՝ հիշեցնելով այն օրերի մասին, որոնք մենք ապրել ենք»։