Թբիլիսիում նաև ԵՄ դրամաշնորհների համար դուրս եկան փողոց. Անդրանիկ Հովհաննիսյան
29 Նոյեմբերի 2024, 22:00
Վրաստանում ցույցի մասնակիցների մեջ գտնվեցին ռադիկալ հայացքներով մարդիկ, որոնք սկսեցին սադրել ոստիկանությանը: Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը:
«Հենց հիմա կարող եմ ասել, որ հանդարտվել է իրավիճակը: Ամեն ինչ հանգիստ է, և ոստիկանությունը ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին՝ չնայած գիշերը բավականին թեժ էր, կան վիրավորներ՝ երկու կողմերից էլ՝ ինչպես խաղաղ ցուցարարների, այնպես էլ ոստիկանության: Նշենք հետևյալը. ի սկզբանե ցույցը խաղաղ բնույթ էր կրում, բայց հետագայում այդ ցույցի մասնակիցների մեջ գտնվեցին ռադիկալ հայացքներով մարդիկ, որոնք սկսեցին սադրել ոստիկանությանը, նաև փորձ էր արվում ներխուժել պառլամենտի շենք, ինչը հնարավորություն տվեց ոստիկանությանը կիրառել իր ռեսուրսները, որպեսզի հանդարտվի իրավիճակը:
Դժվար է ասել, թե որ կողմն էին ներկայացնում այդ ռադիկալ ուժեը, որովհետև, ըստ էության, իրենք իրենց քաղաքական հայացքների մասին ոչինչ չէին ասում, նաև ինչ-որ կոնկրետ քաղաքական նպատակներ իրենց առջև չէին դնում, պարզապես այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ այդ մարդիկ էմոցիաներից ելնելով՝ փորձում էին սադրանքներ իրականացնել, կային մարդիկ, որոնք կոչ էին անում հեղափոխություն իրականացնել Վրաստանում»,- նկատել է միջազգայնագետը:
Անդրանիկ Հովհաննիսյանը 44-օրյա պատերազմից հետո Երևանում տեղի ունեցած ցույցերը համեմատել է Վրաստանի այսօրվա իրավիճակի հետ, ինչպես նաև համեմատական անցկացրել ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի միջև:
«2020թ. պատերազմից հետո Հայաստանում էլ ցույցեր սկսվեցին, նախագահ Արմեն Սարգսյանը կոչ էր անում երկրի վարչապետին հրաժարական տալ, բայց ոչ ավելին: Նա իր լիազորություններից դուրս չէր գալիս, ցուցարարների մեջ չէր մտնում, ընդդիմության շարքերում իր մասնակցությունը չկար: Այսինքն՝ ինքը մնում էր իր լիազորություններ մեջ: Վրաստանում բոլորովին այլ իրավիճակ է: Այստեղ Սալոմե Զուրաբիշվիլին շատ հստակ է ցույց տալիս, որ ինքը ընդդիմադիր քաղաքական գործիչ է՝ չնայած զբաղեցնում է նախագահի պաշտոնը ու այդպիսի լիազորություններ ուղղակի չունի, ինքը պետք է մնա իր սահմաններում, իր իրավունքների սահմաններում ու պետք է իրականացնի այն պարտականությունները, որ ինքը ստանձնել է»,- ասել է Անդրանիկ Հովհաննիսյանը:
Նա նաև նշել է՝ ոստիկանությունը թեև կոշտ գործողությունների է դիմել, բայց դա տեղին էր, որովհետև իր պարտականությունն է պաշտպանել պառլամենտը:
«Ոստիկանությունը պարտավոր է առաջին հերթին ապահովել անվտանգությունը երկրում ու հատկապես այնպիսի կարևոր շենքերում, ինչպիսին է պառլամենտը: Ցույցն, ի սկզբանե, խաղաղ բնույթ էր կրում, բայց երբ ցուցարարների մեջ գտնվում են մարդիկ, որոնք կոտրում են տեսախցիկները, փորձում ներխուժել պառլամենտի շենք, ապա ոստիկանությունը ստիպված պետք է լինի արձագանքել դրան, որովհետև եթե չարձագանքի դրան, ոստիկանությունը պատասխան պետք է տա: Ոստիկանության գործողությունները թեև կոշտ էին, բայց իրենք ամեն ինչ արեցին իրենց լիազորությունների շրջանակում»,- ընդգծել է մեր զրուցակիցը:
Նա նաև հավելել է, որ ցույցի մասնակիցներից շատերը, հատկապես՝ երիտասարդները փողոց էին դուրս եկել գումարի դիմաց:
«Ցույցի ալիքը նաև դրսից էր ուղղորդվում, ցուցարարների մեջ հիմնականում երիտասարդությունն էր, որ ուղղակի կամ անուղղակի ձևով կապ ունիեին որոշ կազմակերպությունների հետ, որոնք գումարներ են ստանում Եվրամիության կողմից: Նրանք գումարի համար էին դուրս եկել փողոց»,- եզրափակել է Անդրանիկ Հովհաննիսյանը: