ՌԱԵՀ-ն ահազանգում է Ադրբեջանում հայերի նկատմամաբ ատելության խոսքի մասին

22 Հունիսի 2023, 01:00

Քաղաքականություն

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն  (ՌԱԵՀ) ահազանգում է Ադրբեջանում հայերի դեմ ատելության, թշնամական խոսքի առկայության, տարածվածության մասին։

«Երբ խոսքը վերաբերում է ատելության խոսքին հակազդելուն, ՌԱԵՀ-ը կիսում է այլ միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի և Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի կողմից արտահայտված լուրջ մտահոգությունները հանրության մեջ ատելության խոսքի օգտագործման վերաբերյալ, որը տարածում է ռասիստական կարծրատիպերը և հավերժացնում թշնամանքը»,-նշվում է հանձնաժողովի՝ այսօր հրապարակած զեկույցում։

Ըստ զեկույցի, Ադրդբեջանում պահպանվում են Հայաստանի դեմ թշնամական նարատիվները, որի արմատները ԼՂ հակամարտության համատեքստում են։

«Քաղաքական գործիչները՝ այդ թվում ամենաբարձր պաշտոն զբաղեցնողները, նաև  հասարակական գործիչներ իրենց հրապարակային հայտարարություններում օգտագործել են ատելություն պարունակող, գրգռիչ հռետորաբանություն, դրանք լայնորեն տարածել են նաև ավանդական և սոցիալական լրատվամիջոցներում»,- ասված է զեկույցում։