Դեռ բաց հարցեր կան, բայց հստակ առաջընթաց է գրանցվել. Բայրամովը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
12 Դեկտեմբերի 2024, 13:10
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ համաձայնեցվել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի 15 հոդված:
«Երկու հոդվածի վրա աշխատանքները շարունակվում են: Չնայած՝ դեռ բաց հարցեր կան, բայց հստակ առաջընթաց է գրանցվել»,- ասել է Բայրամովը։
Ըստ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման ուղղությամբ բանակցությունները շարունակվում են։ Միաժամանակ, բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ, ինչպես նաև շարունակվել են փոխանակումները տեքստի շուրջ:
Նա նշել է, որ Ադրբեջանն իր տարածքում շարունակում է Զանգեզուրի միջանցքի բացման աշխատանքները, շարունակվում է նաև Արաքս գետի վրայի կամրջի շինարարությունը։
Բայրամովը կրկնել է ՀՀ սահմանադրությունը փոխելու հայտարարությունները՝ նշելով, որ Հայաստանից վճռական քայլեր են ակնկալում:
«Իսկ այն փաստարկները, որոնք մենք լսել ենք վերջին շրջանում Հայաստանի կողմից, մեզ չեն կարող բավարարել։ Սահմանադրական դատարանի՝ վերջերս կայացրած հերթական որոշումն էլ ավելի է բարդացրել այս գործը։ Այլ կերպ ասած, որոշման մեջ նշվում էր, որ ՀՀ սահմանադրության նախաբանն անփոփոխելի է, ու կոնկրետ նախաբանին անդրադառնալ չի կարելի։ Սա ավելի է բարդացնում իրավիճակը»,- ասել է Բայրամովը։