Սյունիքի թեման Ադրբեջանի համար օրակարգից չի հանվել , և ամեն ինչ արվելու է այն վերցնելու համար. Սերգեյ Կարնաուխով

13 Դեկտեմբերի 2024, 22:10

Քաղաքականություն

Հասարակական գործիչ Սերգեյ Կարնաուխովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է իրավիճակը Սիրիայում, Թուրքիայի վերջին հայտարարությունները Հայաստանի հասցեին և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարը։

Փորձագետի կարծիքով՝ Սյունիքի թեման Ադրբեջանի համար օրակարգից հանված չէ, և Բաքուն ամեն ինչ անելու է այդ տարածքը վերցնելու համար:

«Ալիևն ամեն ինչ անում է ուժի դիրքերից, նա հասկանում է, որ ամուր բանակցային դիրք ունի, և ունի վերջնական նպատակներ։ Իսկ վերջնական նպատակը Հայաստանի նոր տարածքներն են, որոնք պետք է անցնեն Ադրբեջանին, որոնք իրենք իրենցն են համարում, որոնք իրենց պետք են։ «Զանգեզուրի միջանցքի» թեման, ընդհանրապես Սյունիքի թեման օրակարգից հանված չէ, և ամեն ինչ արվելու է այդ տարածքը վերցնելու համար։

Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանի համար Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցության ի հայտ գալը, բոլոր տարածքների միացումը, Թուրքիայի հետ միասնական առևտրային և լոգիստիկ տարածքի ձևավորումն այն է, ինչ նրանց պետք է իրենց տնտեսության համար։ Դրա համար էլ նրանք հասնելու են դրան, և ամեն ինչ կանեն դա իրագործելու համար։ Մենք չենք կարող համոզված պնդել, որ Ալիևի կառույցները (Ադրբեջանի նախագահ), աշխատում են Հայաստանում, բայց պետք է ենթադրել, որ դա այդպես է։

Ընթանում է ոչ ֆորմալ մեծ աշխատանք, որը դուրս է լրագրողների և հասարակ մարդու աչքից։
Դա լոբբինգ է, դա սեփական գործակալների միջոցով Հայաստանի ղեկավարության մոտ ցանկալի քաղաքական հայացքի ձևավորումն է։ Հետևաբար, այս ամենը կարող է շատ երկար ժամանակ տևել: Քանի դեռ Ադրբեջանը բավարարված չէ այն աշխարհառազմավարական իրավիճակով և այն դիրքով, որին նա ձգտում է։ Իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանն արդեն այնքան վնաս է հասցրել հայ ժողովրդին, որ ժամանակն է հանդարտվելու»,- ասել է նա։

Անդրադառնալով Սիրիային՝ Կարնաուխովը նշել է, որ այն կբաժանվի մասերի։

«Ես չգիտեմ, թե ինչ հրաշք պետք է կատարվի, որպեսզի Սիրիան մնա այն քաղաքական վիճակում, որում գտնվում է նույնիսկ այս րոպեներին։ Թուրքիան այդ կերպ փորձում է լուծել իր քրդական հարցը։ Ամենայն հավանականությամբ, Սիրիան գլորվելու է պարզապես ամենատհաճ ձևաչափերից մեկի մեջ։ Սա գործնականում պարտիզանական, ապստամբական պատերազմ է։ Այնտեղ ամեն ինչ կվառվի: Թուրքիան հիմա շատ հզոր աշխարհաքաղաքական քայլ է արել․ նրանք լուծեցին իրենց խնդիրը: Նրանք ցանկանում էին հարավում անվտանգության բուֆերային գոտի ստեղծել, բայց հիմա ստեղծել են ոչ միայն գոտի, այլ գրավել են ողջ երկիրը։ Ի՞նչ է սա նշանակում։

Սա նշանակում է, որ նրանք հիանալի հասկանում են՝ Հայաստանի հարցը մեկ ռազմական քայլի խնդիր է։ Եթե կարողացան վերցնել Սիրիան, ապա Հայաստանի հետ հարցը մեկ օրվա խնդիր է։ Բայց նրանք, բնականաբար, դրան չեն գնա։ Ինչո՞ւ։ Քանի որ այս կոնֆիգուրացիայի մեջ նրանք դրա կարիքը չունեն: Բայց Հայաստանի հարցը կներառեն այն առաջիկա ծրագրերում, որոնք, ինչպես ես եմ հասկանում, կիրականացնի Թրամփի (ԱՄՆ նորընտիր նախագահ) թիմը»,- ասել է Կարնաուխովը։

Փորձագետի կարծիքով, Հայաստանին վիճակված է պլացդարմի դեր խաղալ ռազմակայանի համար, որը կմասնակցի Իրանի հետ պատերազմի խնդիրների լուծմանը։

«Թուրքիան կարևորագույն հենակետն է Իրանի վրա հարձակվելու համար։ Սիրիան չէր կարող մնալ այդ կոնֆիգուրացիայի մեջ, եթե, այնուամենայնիվ, Իրանի վրա հարձակման պլաններն իրատեսական լինեն։ Ըստ այդմ, Սիրիան ավերվեց և ստանձնեց այդ առաջադրանքը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչպիսի՞ն կարող է լինել Հայաստանն Իրանի հետ պատերազմի ապագա կոնֆիգուրացիայում։ Ի՞նչ առաջադրանք է ունենալու: Եւ սա կլինի պլացդարմ: Այնտեղ այնպես կանեն, որ ողջ երիտասարդ բնակչությունը լինի այնպես, ինչպես Վրաստանում, այս կամ այն ՀԿ-ների ներքո, ամերիկամետ և արևմտամետ, կամ աղանդների ներքո։

Աղանդները ամերիկացիների փափուկ ուժի երկրորդ մասն են, որն այսօր իրականացվում է Հայաստանում, Վրաստանում և այլ երկրներում։ Ըստ այդմ՝ հնազանդ, շատ ճկուն միջավայրը պետք է ապահովի անհրաժեշտ քաղաքական գործողություններ, որոնք անհրաժեշտ կլինեն ամերիկացիներին Իրանի վրա հարձակումից առաջ և հարձակման ժամանակ։ Ամենայն հավանականությամբ, Հայաստանին վիճակված է նման պլացդարմի դեր խաղալ այնպիսի ռազմակայանի համար, որը կմասնակցի Իրանի հետ պատերազմի խնդիրների լուծմանը։ Սա Էրդողանի խնդիրն է հիմա։

Հետևաբար, հիմա, կարծում եմ, այս կոնֆիգուրացիայով նրանք կձևավորեն Հայաստանը ապագա ռազմական առաջադրանքների համար։ Առայժմ նրան ոչ ոք ձեռք չի տա»,- եզրափակել է Կարնաուխովը։