Հակոբ Կոջոյան. Հայաստանի զինանշանի հեղինակը

13 Դեկտեմբերի 2024, 23:05

Հայեր

Դեկտեմբերի 13-ին գեղարվեստի և գրաֆիկայի վարպետ Հակոբ Կոջոյանի ծննդյան օրն է։

Նա ծնվել է 1883 թվականին Ախալցխա քաղաքում՝ ոսկերչի ընտանիքում, սակայն մանկությունն անցկացրել է Վլադիկավկազում։ 15 տարեկանում ավարտել է «Վարպետ ոսկերիչներ» պատկերային էսքիզը, որը նշանավորել է իր ստեղծագործական ուղու սկիզբը։ Մեկ տարի անց նա աշակերտել է փորագրիչ Պրուսովի մոտ Մոսկվայում, իսկ հետո սովորել Մյունխենում՝ Անտոն Աժբեի արվեստանոցում։

1918 թվականից ապրել և ստեղծագործել է Երևանում։ Ավելի քան տասը տարի դասավանդել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական ուսումնարանում, 1945-1955 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, որից հետո դարձել է պրոֆեսոր։

Կոջոյանի մասնագիտացված ոլորտները բազմազան են՝ գեղանկարչություն, գրաֆիկա, մանկավարժություն, կիրառական արվեստ, թատերական տարազների և դեկորացիաների ստեղծում։

Նկարիչը մեծ ներդրում է ունեցել հայ կերպարվեստի զարգացման գործում, նրա գաղափարները մինչ օրս օգտագործվում են այլ վարպետների ստեղծագործություններում: Կոջոյանը ոգեշնչվել է մշակույթի և պատմության ազգային աղբյուրներից։ Այն ժամանակներում, երբ տպագրական գրքերը փոխարինեցին ձեռագիր մատյաններին, գրահրատարակչության վերականգնման և արժանավայել զարգացման շատ կարևոր ու պատասխանատու առաքելությունը ստանձնեց հենց նա՝ Հակոբ Կոջոյանը: Գեղանկարիչը դարձել է ժամանակակից հայ գրքային գրաֆիկայի հիմնադիրը։

Հակոբ Կոջոյանը, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի հետ միասին Հայաստանի Հանրապետության զինանշանի հեղինակն է։ Նա հայտնի է նաև «Սասնա Ծռեր» ժողովրդական վիպերգության նկարազարդմամբ, 1920-ական թվականների արևելյան մոտիվներով գրված մի շարք աշխատանքներով ։

1934 թվականին բուլղարահայերի ֆինանսական աջակցությամբ Երևանում կառուցվել է եռահարկ առանձնատուն, որտեղ բնակություն են հաստատել Կոջոյանի և քանդակագործ Արա Սարգսյանի ընտանիքները։

Արդեն 70-ականների սկզբին շենքը դարձել է Ազգային արվեստի պատկերասրահի մասնաճյուղ՝ հայ կերպարվեստի երկու մեծագույն վարպետների տուն-թանգարանը, որտեղ ցուցադրված են նրանց՝ ժառանգների նվիրաբերած լավագույն աշխատանքները։