Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է․ Նիկոլայ Բորդյուժա

15 Դեկտեմբերի 2024, 15:09

Քաղաքականություն

Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցումը մեծ սխալ է, Երևանը միշտ շատ մեծ օգնություն է ստացել Մոսկվայից և կազմակերպության անդամներից։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Նիկոլայ Բորդյուժան, որը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2003-2016թթ-ին:

«Ես կարծում եմ, որ դա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ մասնակցել կամ դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Նրանք որոշում են, թե անվտանգության ապահովման ինչպիսի համակարգ է լինելու Հայաստանում։ Եթե կարծում են, որ այդպես իրենց ավելի հարմար կլինի վարել իրենց անվտանգության քաղաքականությունը, ուրեմն դա իրենց իրավունքն է։ Ես կարծում եմ, որ դա մեծ սխալ է՝ հիմնված, առաջին հերթին, բացարձակապես ոչ հավաստի տվյալների վրա», — նշել է Բորդյուժան։

Նա նաև հավելել է․ «Եվ երբ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ասում է՝ իրենք ոչ մի օգնություն չեն ստացել Ռուսաստանից, որ Ռուսաստանը գրեթե այնտեղ պատրաստում էր հեղաշրջումներ, ոչ մի օգնություն չի եղել ՀԱՊԿ-ից, բացարձակապես ճիշտ չէ»։