«Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար Երևանը պետք է փոխի Սահմանադրությունը»․ Ալիև
18 Դեկտեմբերի 2024, 12:10
Երևանն ու Բաքուն համաձայնության չեն եկել ապագա խաղաղության պայմանագրի 2 հոդվածների շուրջ՝ միմյանց դեմ միջազգային հայցերից զերծ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ВГТРК-ին և «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
«Մենք իրականում մեծ առաջընթաց ենք գրանցել խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այս փաստաթղթի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցվել է, մնացել է 2-ը։ Կազանում Հայաստանի վարչապետի հետ իմ վերջին հանդիպման ժամանակ ես լսել և զգացել եմ, որ այս երկու հոդվածները համաձայնեցված չեն, բայց կարող են ընդունվել նաև Հայաստանի կողմից, նկատի ունեմ մեր պայմանները»,- ասել է նա։
Ըստ Ալիևի՝ «դրանցից մեկը վերաբերում է միմյանց նկատմամբ միջազգային պահանջներից զերծ մնալուն»։
«Մյուս հոդվածը վերաբերում է մեր սահմանին այլ երկրների ներկայացուցիչների չտեղակայմանը»,- նշել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանի հետ վերջնական հաշտեցման համար «Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և համաձայնի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը»։