Ամերիկացի կոնգրեսականներն ահազանգում են Հայոց երկրորդ ցեղասպանության վտանգի մասին
22 Հունիսի 2023, 16:27
«Ղարաբաղը հայերի բնօրանն է: Ակադեմիկոսները, որոնք խոսելիս բառերը զգուշությամբ են ընտրում, կարող են բանավիճել ինձ, բայց հայերը վաղ շրջանից են կապված Արցախին. ամբողջությամբ, թե գերակշռող դիրքերով, այլ հարց է, թեև այստեղ մեծ տաբերություն չեմ էլ տեսնում, հայերը բնիկ Ղարաբաղից են: Այդ մարդիկ արժանի են, որ նրանց հարգեն», — Արցախի հարցերով ԱՄՆ Կոնգրեսի լսումներին ասել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների 2004-2006թթ. դեսպան Ջոն Էվանսը:
Ամերիկացի դիվանագետն իր խոսքում անդրադարձել է պատմական փաստերին, որոնք վկայում են, որ վաղ ժամանակներից են հայերն Արցախում: ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանը նշել է, որ Հայաստանում դեսպան եղած ժամանակ ուղղակիորեն միջամտություն չի ունեցել Ղարաբաղի կոնֆլիկտին, քանի որ դրանով զբաղվում էր Մինսկի խումբը, բայց հարցին ավելի մանրամասն ծանոթացել է ուսումնասիրելով հայոց պատմության էջերը, որոնց խորությամբ դիտարկելու դեպքում՝ մարդ պարզապես ապշեցուցիչ բացահայտումներ է անում:
«Մենք կարող ենք բոլշևիկների մասին տարբեր մոտեցումներ ունենալ, Ստալինի վարած քաղաքականությունը չընդունել, բայց պետք է ընդունենք, որ նա հենց այնպես Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզ չդարձրեց: Նա հասկանում էր, որ Ղարաբաղն իր էությամբ պետք է ինքնավար լինի, մանրամասների մեջ չխորանամ, գործընկերներս լավ գիտեն այդ ժամանակաշրջանի պատմությունը: Շատ այլ մեկնաբանություններ կան այս փաստի վերաբերյալ, բայց մի բան ինձ համար հստակ է պատմության այդ դրվագից՝ այդ վայրը (Ղարաբաղը) յուրահատուկ էր համարվում», — ընդգծել է Ջոն Էվանսը:
Կոնգրեսականները Արցախի հարցերով լսումներին հիշատակել են Հենրի Մորգենթաուի Հայոց ցեղասպանության մասին հուշերը և մտավախություն հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը Հայոց երկրորդ ցեղասպանության վտանգի առջև է կանգնած:
Նիստը վարող կոնգրեսական Ջիմ Մաքգավերնի խոսքով՝ Ադրբեջանը Թուրքիայի՝ Օսմանյան կայսրության հետնորդի դաշնակիցն է: Կա անհանգստություն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը ամենաերկարատևն է հետխորհրդային փլուզումից հետո, կարող է պատմությունը կրկնել:
Մեկ այլ կոնգրեսական՝ Դեյվիդ Ֆիլիպսն էլ պնդել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճանապարհներ գտնի Ադրբեջանի և Թուրքիայի՝ Արցախի դեմ իրականացվող գործողությունները ճնշելու համար:
Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը պաշտպանելու նպատակով ԱՄՆ Կոնգրեսի 54 ներկայացուցիչ` կոնգրեսական Բարբարա Լիի գլխավորությամբ նամակ է հղել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որտեղ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմին պահանջ են ներկայացրել՝ դադարեցնել ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, սատարել Արցախին և գործուն քայլերով դեմ դուրս գալ Ադրբեջանի հակահայկական ագրեսիայի դեմ, որի հետևանքով Ղարաբաղն ավելի քան վեց ամիս գտնվում է շրջափակման մեջ:
2 ժամ տևած նիստին Ջոն Էվասն ընդգծել է. «Մեր այստեղ հավաքվել մի ուղերձ ունի՝ ահազանգել այն մասին, թե ինչ ծանր վիճակում է գտնվում Արցախի ժողովուրդը»:
Հիշեցնենք՝ Ջոն Էվանսը 2004-2006թթ. եղել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: Դիվանագտական աշխատանքից նախագահ Բուշը նրան հետ էր կանչել հեռացրել պետդեպարտամենտից այն բանի համար, որ 2005 թվականի փետրվարին Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում 1915 թվականին տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերն անվանել էր «ցեղասպանություն», ինչն այդ ժամանակ հակասում էր ԱՄՆ պաշտոնական դիրքորոշմանը:
Ջոն Էվանսը 2016 թ-ին հրապարակել է «Պատանդ վերցված ճշմարտություն. Ամերիկան և Հայոց ցեղասպանությունը» խորագրով գիրքը, որտեղ իր մոտեցումներն է ներկայացրել Հայոց ցեղասպանության և այդ հարցում ԱՄՆ կառավարության քաղաքականության վերաբերյալ: