Արևմուտքը փորձում է Հայաստանին ներքաշել իր ազդեցության ուղեծիր. ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ
18 Դեկտեմբերի 2024, 20:15
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ կայացած ճեպազրույցի ժամանակ իրավիճակը Կովկասում բարդ է անվանել։
«Անդրկովկասում իրավիճակը մնում է բարդ։ Դրա զարգացման վրա ապակառուցողական ազդեցություն են ունենում արտատարածաշրջանային խաղացողների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ձգտումները՝ ամրապնդել դիրքերը տարածաշրջանում, պահել Վրաստանը և Հայաստանին ներքաշել իրենց ազդեցության ուղեծիր»,- ասել է նա։
Նա նշել է, որ Արևմուտքը ձգտում է ապակայունացնել իրավիճակը՝ ֆինանսավորելով և ուղղորդելով բողոքի ակցիաները Վրաստանում։
«Այդ փորձերը ցույց են տալիս շահագրգռվածություն՝ ուկրաինական սցենարով երկիրը ներքաշելու ակտիվ հակառուսական գործողությունների մեջ»,- հավելել է նա։
Մինչդեռ, ըստ Գերասիմովի, Ռուսաստանն այս տարածաշրջանում կառուցողական բնույթի միջոցներ է ձեռնարկում։
«Մեծապես մեր պետության ջանքերի շնորհիվ՝ ակնհայտ է Բաքվի և Երևանի դրական առաջխաղացումը երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին։ Այսպես, ներկայումս ավարտվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի և Հայաստանի Տավուշի մարզի միջև միջպետական սահմանազատման գծի առավել բարդ հատվածներից մեկի սահմանազատումը»,- ասել է նա։