Այսօր Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների տոնն է

19 Դեկտեմբերի 2024, 11:50

Մշակույթ

Ս. Ինդոսը Նիկոմիդիայի Դիոկղետիանոս կայսեր արքունիքում ներքինի էր, իսկ Ս. Դոմնան` պալատական կուռքերի քրմուհի: Ծանոթանալով Աստվածաշունչ մատյանին՝ նրանք դարձի են գալիս և քրիստոնյա դառնում, որի պատճառով բանտ են նետվում: Երկար տանջվելուց հետո՝ 303 թվականին, նահատակվում են:

Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ՝ Քրիստոսի Ծննդյան տոնին, սովորականի նման Նիկոմիդիայի քրիստոնյաները հավաքվել են եկեղեցում՝ աղոթելու: Կայսրը մի կուռք է կանգնեցրել տաճարում` հրամայելով, որ բոլորը դրան երկրպագեն: Գղերիկոս քահանան մերժել է կատարել կայսեր հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվել և նահատակվել: Կայսրը բարկացել է և այրել եկեղեցին: Մասնակիցները` երկու բյուր, այսինքն` քսան հազար հոգի, նահատակվել են 303 թվականին: