Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը Ադրբեջանի գործող ռեպրեսիվ ռեժիմի հետևանքն է. ԵԽ պատգամավոր
19 Դեկտեմբերի 2024, 23:00
«Դա նախորդ (Եվրոպական) հանձնաժողովի վարքագիծն է, և ես կարծում եմ, որ նրա վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել այն, որ պարոն Բորելը (ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ) չի կարողացել դիմակայել Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որը որոշել է՝ գազի և նավթի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրն ավելի կարևոր է, քան մարդու իրավունքները», — Alpha News-ի հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ադրբեջանի հանցագործությունների մասին Եվրախորհրդարանի բազմաթիվ բանաձևերն այդպես էլ չփոխեցին ԵՄ քաղաքականությունը Իլհամ Ալիևի ռեժիմի նկատմամբ:
Եվրապատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով, որ ԵՄ արտաքին գործերի նոր գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի առաջին միջոցները Վրաստանի դեմ պատժամիջոցներն էին իր քաղաքացիներին ճնշելու համար, ապա կարելի է ակնկալել, որ նա տարածաշրջանին ավելի «մարտական» տրամադրվածությամբ կվերաբերվի:
«Այդ պատճառով ես ակնկալում եմ կարծիքների որոշակի փոփոխություններ, որոնք արտացոլված են մեր բանաձևերում վերջին երեք տարիների ընթացքում և կարտացոլվեն ապագայում։ Լեռնային Ղարաբաղն, իհարկե, հիշատակվելու է Ադրբեջանի վերաբերյալ խորհրդարանում ընդունված բանաձևում, քանի որ դա Ադրբեջանի և Ալիևի գործող ռեպրեսիվ ռեժիմի հետևանքն է: Սակայն, այո, այն ժամանակը, երբ Եվրամիությունը պետք է ինչ-որ բան աներ Լեռնային Ղարաբաղում հայերին պաշտպանելու համար, այդ ժամանակը, ցավոք, անցել է։ Ալիևը հաղթեց։ Իհարկե, նա ադրբեջանցիներին չի վերաբնակեցրել, ինչպես ի սկզբանե հայտարարում էր։ Նա պարզապես ուզում էր իշխանություն և ազդեցություն: Եվ ներկայումս ամենալավ բանը, որ մենք կարող ենք անել, դա գազի և նավթի ներմուծումը դադարեցնելն է, քանի որ այն Ալիևի համար իր արտահանման 65%-ն։ Իհարկե, նա կգտնի այլ շուկա, բայց դա հաստատ կվնասի նրան:
Ես կարծում եմ, որ Կալլասն այժմ ավելի լավ դիրքեր ունի, քան Բորելն ի սկզբանե,և ես իրապես հավատում եմ, որ դա կանդրադառնա Եվրոպական հանձնաժողովի հետագա որոշումների վրա»,- նշել է նա: