Թուրքիայի նպատակը ոչ թե «Զանգեզուրի միջանցքը», այլ նաև Հայաստանը ստանալն է․ Հակոբ Բադալյան

21 Դեկտեմբերի 2024, 00:25

Քաղաքականություն

Թուրքիայի նպատակը ոչ թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», այլ, ընդհանրապես, Հայաստանն ամբողջությամբ ստանալն է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Այսինքն, ամբողջությամբ տիրապետել Հայաստանին՝ քաղաքական իմաստով։ Նրանք արդեն ունեն մշակած սցենարներ ու պլաններ»,- ահազանգել է Բադալյանը։

Նրա խոսքով՝ թուրք-ադրբեջանական վերջին օրերի ակտիվ շփումները հուշում են, որ իրականացվում են շատ կոնկրետ պլանային աշխատանքներ։

«Ադրբեջանն ինչ-որ պահի կարող է ստանալ որևէ գործողություն իրականացնելու հնարավորություն։ Դրան պատրաստվելու աշխատանքը բավականին տեսանելի է։ Ադրբեջանը շատ ինտենսիվ քննարկումների մեջ է Թուրքիայի հետ։ Ռազմական մասշտաբի շփումներ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև լինում են մի դեպքում, երբ իրականացվում են շատ կոնկրետ պլանային աշխատանքներ։ Այն, որ աշխատանքը ցցուն կերպով իրականացվել է, ակնառու է, կարծում եմ՝ Փաշինյանն էլ այս առումով շատ իրազեկված է»,- նկատել է մեր զրուցակիցը։

Բադալյանը հռետորական հարց է տվել՝ էսկալացիայի դեպքում արդյոք Հայաստանը կկարողանա դիմագրավել։

«Այն բարդ հարցերը, որոնք չեն ստանում լուծում քաղաքական ճանապարհով, ռազմական գործիքը դրանց լուծման ամենալավ միջոցն է։ Խնդիրը հետևյալն է․ Հայաստանն արդյոք ի վիճակի է չեզոքացնել էսկալացիայի ռիսկերը։ Բնականաբար, դրանք հնարավոր է չեզոքացնել միայն երրորդ երկրների ներգրավման միջոցով։ Կարծում եմ՝ այստեղ անմիջականորեն առաջին հերթին Իրանն է ու ռեգիոնալ առումով անկասկած է, որ այդ խնդիրրը կարող է լուծվել Ռուսաստանի հետ ինտենսիվ աշխատանքով ու Թուրքիայի հետ որոշակի շփումներով»,- նկատել է քաղաքական մեկնաբանը։

Նրա խոսքով՝ լավ է, որ Իրանը խոսում է կարմիր գծերի մասին ու դա անթույլատրելի է համարում, բայց չպետք է հենվել միայն այդ հայտարարությունների վրա։

«Իրանի հավաստիացումերը կարմիր գծերի վերաբերյալ շատ կարևոր են, բայց թե Իրանի պարագայում, թե, կարծում եմ, որևէ մեկի պարագայում, աշխարհում կարմիր գիծ ընդունել որպես աներկբա մի բան, կլինի մոլորություն։ Տեսնում ենք, օրինակ, ուկրաինական պատերազմում ինչքան կարմիր գծեր են տեղաշարժվում։

Այս իմաստով՝ ես կարծում եմ՝ էսկալացիան նվազեցնելու ուղղությամբ աշխատանք պետք է տանել թե ռեգիոնալ անմիջական դերակատարների ներգրավումով, թե դերակատարների միջոցով, որոնք, անշուշտ, լինելով հեռու, այդուհանդերձ, բավականաին ազդեցիկ են։ Իմ տպավորությամբ՝ Երևանը դա փորձում է անել։ Թե ինչ որակով է անում, ինչ բովանդակությամբ ու արդունավետությամբ, ինձ հայտնի չէ, բայց այդ տրամաբանությունը տեսնում եմ, այն ինձ համար ընդունելի է»,- ասել է Հակոբ Բադալյանը։

Նա նշել է, որ Հայաստանի համար Սանկտ Պետերբուրգում սպասվող ԱՊՀ գագաթնաժողովը լավ հնարավորություն կլինի քննարկումների համար։ Այդ հարթակը, Հակոբ Բադալյանի վստահմամբ, պետք է օգտագործել։

Հիմա եթերում