Զուրաբիշվիլին ցույց է տալիս, թե պայքարում է, բայց ռիսկային քայլերի չի գնում. Անդրանիկ Հովհաննիսյան
25 Դեկտեմբերի 2024, 21:40
«Ես մնում եմ Վրաստանի նախագահն ու գերագույն հրամանատարը»: Այս մասին հայտարարել է Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որի նախագահության ժամկետը լրանում է 4 օրից: Զուրաբիշվիլին ավելի հեռուն կգնա՞, թե՞ դա պարզապես քաղաքական հայտարարություն է: Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանի հետ:
«Սա նման է մի նախագահի հայտարարություններին, որ պատրաստվում է պատվով հեռանալ նախագահի պաշտոնից: Սա նշանակում է պայքարել, բայց, ըստ էության, Զուրաբիշվիլին ունի հնարավորություն այլ կերպ պայքարելու, բայց չի անում: Ռիսկային քայլերի չի դիմում՝ հաշվի առնելով դրանց հետևանքները: Որոշ փորձագետներ ասում են, որ Զուրաբիշվիլին հնարավորություն ունի ոչ միայն բանավոր չճանաչել ընտրությունների արդյունքները ու ասել, որ պառլամենտը լեգիտիմ չէ, այլ նաև այն մարդկանց, ովքեր վերջին շրջանում լքեցին պետական որոշ կառույցներ, հավաքել իր շուրջն ու ասել, որ ինքը ստեղծում է ալտերնատիվ պառլամենտ: Զուրաբիշվիլին այդ հնարավորությունն ունի, բայց չի անում»,- ասել է Հովհաննիսյանը:
Միջազգայնագետի խոսքով՝ եթե Սալոմե Զուրաբիշվիլին գնա նման քայլերի, կնշանակի, որ ինքը խախտում է Սահմանադրությունը:
«Ընդդիմության շարքերում ասում են, որ Զուրաբիշվիլին այդ հնարավորությունը պետք է իրականացնի, քանի դեռ պաշտոնի է ու լեգիտիմ է: Եթե դիմի այլ քայլին, կունենանք հետևյալ իրողությունը. կառաջանա երկու բևեռ, երկուսն էլ լեգիտիմ կարող են ճանաչվել, որովհետև մի կողմից պառլամենտն է, մյուս կողմից նախագահը, որ դեռ համարվում է լեգիտիմ ու կարող է դիմել նման քայլերի:
Եթե Սալոմե Զուրաբիշվիլին գնա նման քայլերին, կնշանակի, որ ինքը խախտում է Սահմանադրությունը, փորձում է զավթել իշխանությունը: Եվրամիության շարքերում կան պետություններ, որոնք ճանաչում են լեգիտիմությունը, ճանաչում են այն ընտրությունների արդյունքները, որոնք տեղի ունեցան: Այսինքն՝ ԵՄ-ն իր գնահատականներում միատարր չէ: Հետևաբար, առաջանում են հարցեր՝ արդյոք Եվրամիությունն ամբողջությամբ է աջակցում Սալոմե Զուրաբիշվիլիին, թե միայն որոշ պետություններ»,- եզրափակել է Անդրանիկ Հովհաննիսյանը։