Սլավա Ստեփանյան. «Թումանյանը՝ հայ Պուշկինը»

26 Դեկտեմբերի 2024, 19:23

Կարծիք | Մշակույթ

Alpha News-ի հետ զրույցում Մոսկվայի հայկական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը ներկայացրել է 2024-ին թատրոնի ձեռքբերումները, իրականացրած ծրագրերը։

«2024-ին ահագին բան կատարվեց։ Այս տարի նահանջ տարի էր, բոլորի համար վատ տարի էր, բայց հանդիսատեսը մեզ ջերմ էր ընդունում։ Այս տարի շահեցինք ՌԴ նախագահի մշակութային գրանտը, որը մեզ օգնեց իրականացնել մի հրաշք ծրագիր։ Տարին բացել ենք ու փակում ենք Հովհաննես Թումանյանի ներկայացումներով»,- ասել է Սլավա Ստեփանյանը։

Նա հավելել է, որ ՌԴ նախագահին է ներկայացվել դրամաշնորհի 762 առաջարկ, շահել է երկու թիմ, որից մեկը Մոսկվայի հայկական թատրոնն է եղել։

«Մենք դրամաշնորհային ծրագիր ենք ներկայացրել նախագահական, և նրանք հաստատեցին դա։ Այդ դրամաշնորհը մեզ համար անսպասելի էր։ 762 առաջարկից ընդունեցին միայն երկուսը, որից մեկը մենք էինք։ Ուրախալին այն էր, որ մեզ հնարավորություն ընձեռնվեց Թումանյանի հոբելյանը շատ գեղեցիկ անցկացնել, ներկայացնել ոչ միայն հայերին, այլև մյուս ազգերին։ Խաղացել ենք հայկական համայնքների երեխաների համար, ռուսական մի շարք քաղաքներում։

Բոլորը մեզ մոտենում և ասում էին՝ ով է Թումանյանը, որ այսքան հրաշալի մտքեր է արտահայտել։ Ասում էինք՝ հայ Պուշկինն է»,- ասել է Սլավա Ստեփանյանը։