Stratfor-ը չի հավատում Փաշինյանին
08 Հունվարի 2025, 11:00
(Ի՞նչ է կանխատեսում ամերիկյան վերլուծական կենտրոնը Հայաստանի համար 2025 թվականին)
Եթե տարեվերջին, ըստ ավանդույթի, ամփոփվում են անցած շրջանի արդյունքները, ապա տարվա սկզբին հաճախ կազմվում են առաջիկա 12 ամսվա ծրագրերը, ներկայացվում է մոտակա հեռանկարի կանխատեսումը: Այս համատեքստում ուշագրավ է դարձել ամերիկյան Stratfor վերլուծական գործակալության վերլուծությունը, որն, ինչպես միշտ, ներկայացրեց իր կանխատեսումը գալիք 2025 թվականի համար: Ինչո՞ւ է մեզ համար կարևոր այս կենտրոնի վերլուծությունը: Այն պատճառով, որ կենտրոնի ծառայություններից օգտվում են մի շարք երկրների կառավարություններ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, իսկ կենտրոնի «կանխատեսումներն» ունեն կյանքի կոչվելու հատկություն:
Այսպես, 2019 թվականին նույն կենտրոնը գրում էր, որ Սպիտակ տունը պատրաստվում է հարվածել ՀԱՊԿ-ին և ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում, նաև բարձր է գնահատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ԼՂՀ-ի համար պատերազմ սկսելու ռիսկը, ինչպես նաև վերլուծվում էր ռուս-ուկրաինական պատերազմի պոտենցիալը, դրա հավանականությունը: Այլ կերպ ասած, այս կենտրոնի վերլուծությունը թույլ է տալիս կանխատեսել իրավիճակի ապագան «գետնի վրա»:
Ինչպիսի՞ն է 2025 թվականը Հայաստանի համար՝ ըստ Stratfor-ի վերլուծականների:
1. Հայաստանն ու Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, կշարունակեն շարժվել դեպի խաղաղ համաձայնագիր, սակայն Հայաստանում սահմանադրական փոփոխությունների, նրանց սահմանի ամբողջական սահմանազատման մանրամասների և տարանցիկ կապերի բացման շուրջ տարաձայնություններն, ամենայն հավանականությամբ, կխոչընդոտեն 2025 թվականին խաղաղության համաձայնագիրը:
2. Երկու կողմերն էլ կփնտրեն օտարերկրյա աջակիցներ, որոնք կօգնեն նրանց պահպանել լծակները բանակցություններում: ԱՄՆ-ից ուժեղ աջակցություն ապահովելու Հայաստանի ջանքերը կխափանվեն, քանի որ Թրամփի վարչակազմը առաջնահերթություն է տալիս Բաքվի հետ ամուր հարաբերություններին՝ որպես տարածաշրջանային հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցությանը:
3. Հայաստանը հույսը դնելու է Ֆրանսիայի ռազմական տեխնիկայի վրա և ձգտելու է մեծացնել առևտուրը Եվրամիության հետ:
Պետք է նշել, որ ամերիկյան վերլուծաբանները բավականին անհեռանկարային պատկեր են ներկայացնում Հայաստանի համար: Բացի այն, որ նրանք չեն հավատում Նիկոլ Փաշինյանին և նրա խաղաղության քարոզչությանը, այլև արդարացիորեն նշում են, որ «հիմնական խաղադրույքը» պաշտպանության հարցերում դրվում է Ֆրանսիայի վրա: Ֆրանսիա, որը վերջին շրջանում իր զորքերը դուրս է բերել Մալիից, Բուրկինա Ֆասոյից և Նիգերից, շուտով կորցնելու է իր ռազմական ներկայությունը Չադում և Սենեգալում, բացի այդ չի կարողանում հաղթահարել Ադրբեջանի միջամտությունն իր օվկիանոսային տարածքներում (առաջին հերթին՝ Նոր Կալեդոնիայում, ինչի մասին բողոքել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը), ինչպես նաև չունի ռազմական լոգիստիկայի կառուցման հնարավորություն՝ պատերազմի կամ անգամ տեղային բախումների դեպքում Հայաստանի համար:
2025 թվականն, ակնհայտորեն, ավելի հեշտ չի լինի 2024 թվականից…
Մտածե՛ք այդ մասին…»։