ԲԵՆԻԱՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ | 2025. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ
14 Հունվարի 2025, 20:00
«2025. Ի՞նչ է լինելու. Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ» նախագծի շրջանակում Alpha News-ը զրուցել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ:
Նրա համոզմամբ, Ադրբեջանը շահագրգռված չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:
«Ադրբեջանին խաղաղության պայմանագիր պետք կլիներ, եթե նա այդ փաստաթղթում իր համար անվտանգային երաշխիքներ տեսներ: Եթե իրենք տեսնեին, որ Հայաստանը վերականգնվում է, ինչի պարագայում Հայաստանը հնարավորություն կունենա հասնել ավելի արդար խաղաղության, ապա Բաքուն խաղաղության պայմանագիրը կընկալեր որպես իր անվտանգային համակարգի բաղկացուցիչ մաս, բայց քանի որ մենք հակառակ ուղղությամբ ենք շարժվում, Հայաստանը թուլանում է, Ադրբեջանն այդքան մեծ անհրաժեշտություն չունի ստորագրել այդ պայմանագիրը»,- ասում է Բենիամին Մաթևոսյանը:
Բաքուն Երևանի հետ պայմանների ու սպառնալիքների լեզվով է խոսում։ Ալիևը, օրինակ, պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, բանակը չզինել, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, բանակցել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի հետ: Ադրբեջանի պահանջներն այսքանով չեն սահմանափակվում: Բաքվից և Անկարայից հաճախ պահանջում են Սյունիքով անցնող ճանապարհ, որն իրենք անվանում են «Զանգեզուրի միջանցք», իսկ դա ենթադրում է մաքսային ու սահմանային հսկողության բացակայություն: Ադրբեջանը Նախիջևանին կապող Սյունիքով անցնող ճանապարհը միջանցքի չվերածելու համար բացի հայկական բանակից ըստ քաղաքագետի՝ կա նաև Մոսկվայի ու Թեհրանի գործոնը, բայց հարց է՝ պե՞տք է արդյոք հայ ժողովուրդն ապավինի այդ երկուսին, թե՞ հույսն իր վրա դնի։
«Փորձագիտական մակարդակում Ռուսաստանում քննարկում կար, որ Իրանը ներկայիս իշխանությունների պարագայում Սյունիքն իրենց համար կարմիր գիծ համարո՞ւմ է, թե՞ ոչ: Խոսքը հոգևոր առաջնորդի մասին չէ, այլ իշխող խմբի: Իրանի նախկին նախագահի մահից հետո Իրանում էլիտաների փոփոխություն է տեղի ունենում և գալիս են այնպիսի իշխանություններ, որոնք Իրանի Արևմտյան Ադրբեջան նահանգից են։ Այս պայմաններում Հայաստանի իշխանությունը կամ հայ ժողովուրդը վստա՞հ է, որ Իրանի համար Արաքսի ափից այս կողմ տեղի ունեցած գործընթացները կարմիր գիծ են լինելու: Բացի այդ, Իրանի արտգործնախարարը վերջերս հայտարարեց, որ իրենք պատրաստ են ԱՄՆ-ի հետ արդար բանակցությունների, հիմա կարո՞ղ է այդ արդար բանակցություններում իրենք գան այն համոզմանը, որ Ռուսաստանն ու Չինաստանը շրջանցող միջանցքը ընդունելի է նաև Իրանի համար: Այս հարցերի պատասխանները մենք 2025-ի ընթացքում անպայման կստանանք: Բայց քանի դեռ Հայաստանի պետական կառավարման համակարգում քաղաքական որակական փոփոխություններ տեղի չեն ունեցել, սխալ է հույսը դնել Իրանի, Ռուսաստանի վրա»,- նշում է Բենիամին Մաթևոսյանը։
Արտաքին քաղաքականության հարցում ըստ քաղաքագետի, Փաշինյանը Հայաստանը տանում է թուրքական ուղղությամբ։
«Դրա դրսևորումներից մեկն այն է, որ Փաշինյանը ԱՄՆ-ում Էրդողանի հետ հանդիպմանը փաստացի խնդրեց, որ Թուրքիան միջնորդ դառնա հայ-ադրբեջանական բանակցություններում։ Արցախը հանձնելը, բանակը, հայկական ինքնությունը վերացնելը հանցագործություններ են, որոնց համար պետք է քրեական պատասխանատվության ենթարկվել, բայց եթե դու թուրքական վեկտորում ես, հնարավոր է քեզ դրա համար նույնիսկ պարգևատրեն։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա գործողություններով մենք արդեն դուրս ենք եկել այդ կառույցից: Գուցե Ռուսաստանում այլ կարծիք ունեն և սպասում են փաստաթղթերին, բայց փաստն այն է, որ մենք գործողություններով ՀԱՊԿ-ից դուրս ենք եկել, այլ հարց է, որ փաստաթղթային առումով Փաշինյանն ինչ-ինչ հանգամանքերից ելնելով ձգձգում է այդ գործընթացը: ՀԱՊԿ-ին անդամակցությունը, ռուսական ռազմաբազայի այստեղ լինելը, ռուս սահմանապահների առկայությունը Փաշինյանին անհրաժեշտ է փոխանակման համար, այսինքն՝ եթե ինչ-որ պահի ռուսական կողմը որոշակի ճնշումներ փորձի գործադրել ՀՀ իշխանությունների վրա, փորձելով այսպես ասած՝ շոուլի բերել իրենց կողմից իրականացվող քաղաքականությունը, իշխանությունները կարող են ասել՝ դուք ճնշում եք մեզ, Լարսն եք փակում, մենք էլ սահմանապահներին ենք հանում ու այսպես շարունակ»,- ասում է Բենիամին Մաթևոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: