«Երջանիկ եմ և շնորհակալ». Կարեն Խաչանովը՝ Ուիմբլդոնի մրցաշարի մասնակցությունից հրաժարվելու մասին

24 Հունիսի 2023, 10:17

Սպորտ

Աշխարհի 11-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է Ուիմբլդոնի մրցաշարի մասնակցությունից հրաժարվելը եւ հայտնել երկրորդ որդու մոտալուտ ծննդի մասին։

«Ֆրանսիայի բաց առաջնությունում ստացած ցավալի վնասվածքի (ծանրաբեռնվածության հետեւանքով առաջացած սրբոսկրի կոտրվածք) պատճառով երկրորդ տարին անընդմեջ չեմ կարողանա մասնակցել Ուիմբլդոնի մրցաշարին։

Հրաժարվելու որոշումը հեշտ չտրվեց։ Մինչեւ վերջին պահը հույս ունեի, որ կհասցնեմ վերականգնվել, բայց բժիշկներս ասացին, որ հնարավոր չէ։ Հիմա կկենտրոնանամ վերականգնման եւ օգոստոսին անցկացվելիք մրցաշարերին պատրաստվելու վրա։

Միեւնույն ժամանակ երջանիկ եմ լինել ընտանիքիս հետ եւ շնորհակալ եմ երկրորդ որդուս ծնվելու պահը բաց չթողնելու հնարավորության համար։ Կօգտագործեմ այս դադարը՝ որպես վերադառնալու եւ ցանկալի նվաճումների հասնելու մոտիվացիա։ Շնորհակալ եմ ինձ հասկանալու եւ աջակցելու համար, ինչը մեծ նշանակություն ունի ինձ համար»,- գրել է Խաչանովը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի բաց առաջնությունում Կարեն Խաչանովը հասել էր քառորդ եզրափակիչ եւ պարտվել սերբ Նովակ Ջոկովիչին։

Հիմա եթերում