Հայաստանի իշխանությունների ոչ հայանպաստ դիրքորոշումն ավելի ընկճող է, քան շրջափակման հետևանքները. Արցախի պատգամավոր
24 Հունիսի 2023, 12:55
Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների սղություն է նկատվում, խանութները նորից դատարկվել են՝ ինչպես շրջափակման առաջին օրերին, տրանսպորտային տեղաշարժի խնդիրներ են առաջացել եւ իրավիճակը գնալով ավելի է խորանալու։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Նա քննադատել է իշխանություններին շրջափակման պայմաններում առաջին անհրաժեշտության ապրանքների ոչ պատշաճ մատակարարման համար։
«Իշխանությունները փորձում են ամեն ինչ բարդել ժողովդրի վրա, ասել, որ ժողովուրդն ինչ պահանջում է, դա էլ բերում են։ Ինձ չի թվում, թե երկար ժամանակվա համար պաշարներ ունենք։ Դիմացը ձմեռ է, բայց ձմռան նախապատրաստական աշխատանքներ չկան։ Գալու է մի պահ, որ ասեն՝ Ադրբեջանն էժան գնով գազ ու լույս է առաջարկում, ինչ անենք, թողնենք, որ ժողովուրդը կոտորվի՞, ու իրենց քայլերը կփորձեն արդարեցնել եւ որակել որպես հանուն ժողովրդի»,- ասել է Դավիթ Գալստյանը։
Պատգամավորը կոչ է արել համախմբվել Արցախի շուրջ, որպեսզի կարողանան դիմակայել մարտահրավերներին։
«Ցավալի է նշել, բայց Արցախն այսօր մենակ է մնացել, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը մեղմ ասած՝ ոչ հայանպաստ է, ինչն ավելի ցավալի ու ընկճող է, քան շրջափակման հետեւանքներն են»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Դավիթ Գալստյանը՝ Արցախը Հայաստանից տարանջատելու հայտարարությունները կործանարար է համարել եւ կոչ արել միանալ «Ազատ Արցախ-Հայաքվե» նախաձեռնող խմբի ստորագրահավաքին, որով առաջարկվում է քրեորեն պատժել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողություններ անելու համար։
«Եթե ուզում ենք լինել որպես ազգ, որպես միջազգայնորեն ճանաչված պետություն, ապա պետք է օր առաջ համախմբվել, առանց որի թե՛ Արցախը, թե՛ Հայաստանը դատապարտված են կործանման։ Ես համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունները փորձելու են խոչընդոտել ստորագրահավաքի անցկացմանը, բայց հուսով եմ, որ կգտնվեն այդ հազարավոր մարդիկ, որոնք կմասնակցեն դրան»,- ասել է Դավիթ Գալստյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Արցախում գործնականում համախմբում չկա։
«Համախմբում միայն բառերով կա, բոլորը կողմ են, որ Արցախը ինքնորոշման իրավունքն առաջ տանի, Ադրբեջանի կազմում չլինի, խոսում են Հայաստանի իշխանությունների մեղքի բաժնից, բայց գործնական քայլերով համախմբում չկա»,- ասել է Գալստյանը։
Պատգամավորը հիշեցրել է, որ ընդդիմության համար Հակարիի կամրջի վրա տեղադրված անցակետից օգտվելն անընդունելի որոշում էր, բայց իշխանությունն իրենց չլսեց եւ գնաց այդ քայլին, իսկ հիմա փորձում են համոզել, որ իրենք մեղավորություն չունեն։