Հայաստանում ԵՄ դիտորդների նպատակը ռուսական զորքերին լրտեսելն է. Բորիս Մուրազի

25 Հունիսի 2023, 14:41

Քաղաքականություն

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության նպատակը ոչ թե սահմանների պաշտպանությունն է, այլ ռուսական զորքերի կամ ռուսական պետության ներկայության նկատմամբ հետախուզական գործունեություն ծավալելն է։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։

«Ենթադրում եմ, որ եթե իրենց շարունակում են այստեղ պահել, աշխատավարձ տալ, քննարկում են այստեղ մնալու ժամկետի երկարացման հարցը, ուրեմն իրենք լավ են անում իրենց աշխատանքը։ ԵՄ դիտորդների նպատակը Հայաստանի սահմանների պաշտպանությունը չէ, իրենք էլ ասել են, որ իրենց ունեցածը հեռատիդատկն է, դժվար է պատկերացնել, որ հեռադիտակով կարող են անվտանգություն ապահովել»,- նշել է Բորիս Մուրազին եւ հավելել, որ մի քանի ամիս է՝ ԵՄ դիտորդները Հայաստանում են, բայց ԵՄ-ն այդպես էլ հասցեական գնահատական չի հնչեցրել Ադրբեջանի վերաբերյալ։

«Փոխարենը Ռուսաստանի մասին են գնահատականներ հնչել, ինչը ցույց է տալիս իրենց առաքելության իրական նպատակ»,- ասել է Մուրազին։

Politik.am-ի գլխավոր խմբագիրը պատմել է, որ ինքը փորձել է կապվել ԵՄ դիտորդների հետ, որոնք սակայն հրաժարվել են պատասխանել իր հարցերին։ ԵՄ դիտորդական առաքելությունն անգամ գրավոր հարցումներին չի արձագանքել։

Բորիս Մուրազիի դիտարկմամբ, բացի հետախուզական գործունեություն ծավալելուց, եվրոպական առաքելության նպատակը նաեւ քարոզչություն իրականացնելն է։

«ԵՄ ոչ մի ներկայացուցիչ Լաչինի միջանցք չի գնացել։ Օրեր առաջ լուր էին տվել, որ ԵՄ դիտորդները ուղեւորվում են դեպի Լաչինի միջանցք, բայց դեպի Լաչինի միջանցքը եւ Լաչինի միջանցքը տարբեր հասկացություններ են։ Դեպին հարակից գյուղերն են, նրանք Հայաստանի բուն տարածքում են լինում եւ ասում, որ գնացին Լաչինի միջանցք։ Քարոզչամեքենան սա մեծացնում է, ներկայացնում նաեւ, թե ռուսները ոչինչ չեն անում։

Եթե ԵՄ դիտորդների ներկայությունը բովանդակային առումով բան փոխեր, ապա շատ լավ կլիներ, բայց մենք տեսնում ենք, որ անգամ Լաչինի փակման խնդիրը նրանք օգտագործում են հակառուսական տրամադրություններ գեներացնելու համար։ Եթե Հայաստանում հայկական իշխանություն լիներ, ապա ԵՄ դիտորդներին կխնդրեին, որ խնդրի մասին խոսեն առանց Հայաստանի ռազմավարական դաշնակցի նկատմամբ ատելություն գեներացնելու կամ գնահատողական հայտարարություններ անելու, որովհետեւ իրենք այստեղ չեն Ռուսաստանի գործողությունները գնահատելու համար»,- ընդգծել է Բորիս Մուրազին։

Հիմա եթերում