Հանրային բողոքը ստիպեց իջեցնել ուղեվարձը, սակայն բոյկոտը դեռ շարունակվելու է. Մանուկ Սուքիասյան
29 Հունվարի 2025, 20:10
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն Alpha News-ի հետ զրույցում խոսել է քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետքայլի մասին: Վերջինս նախօրեին հայտարարել է, որ քաղաքացին մեկ ուղևորության համար արդեն ստիպված կլինի վճարել 150 դրամ, օգտվել նաև, իր խոսքով, ավելի մատչելի փաթեթներից:
«Մեկ օրվա տարբերությամբ սեփական տեսակետը հերքելը վկայում է այն մասին, որ այս իշխանությունները ստրատեգիական ու պատասխանատու որևիցե հաշվարկ չունեն տրանսպորտային համակարգի վերաբերյալ:
Հանրային բողոքի ճնշման ալիքը, բոյկոտը, արդեն իսկ մեկնարկած քարոզարշավը նրանց ուղղակի հարկադրեցին գնալ այդ նահանջին: Այդ բոյկոտը, հանրային ճնշումը շարունակվելու է նաև փետրվարի 1-ից»,- տեղեկացրել է Մանուկ Սուքիասյանը:
Նրա փոխանցմամբ՝ շատերն այսօր էլ բոյկոտում են և տրանսպորտից օգտվելիս չեն վճարում:
«Երևանցիները չունեն այլ տարբերակ, քան շարունակել բոյկոտը»,- ընդգծել է Մանուկ Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ հետ քայլ չի լինի: Հանրային տրանսպորտը նոր՝ ավելի բարձր սակագներով կսկսի գործել հաշված օրեր անց՝ փետրվարի 1-ից։ Քաղաքապետարանը փետրվարից նոր սակագներ էր առաջարկել՝ փաթեթներ 300-ից մինչև տարեկան 90 հազար դրամ արժողությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում