Մոսկվայի հայկական եկեղեցում երիտասարդներն օրհնություն են ստացել Սուրբ Սարգսի տոնի առթիվ
17 Փետրվարի 2025, 15:34
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր Տաճարում Սուրբ Սարգսի տոնի առթիվ կատարվել է երիտասարդների օրհնության կարգ: «Նուռ» երիտասարդական միության անդամները և մոսկվայաբնակ հայ երիտասարդները ևս մասնակցել են երիտասարդների օրհնությանը, որից հետո «Ժամանց» մշակութային կենտրոնում մասնակցել են տոնին նվիրված միջոցառման:

Փետրվարի 15-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց սիրահարների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության և երիտասարդների օրհնության օրը: Սուրբ Սարգիսը համարվում է երիտասարդ զույգերի և բոլոր սիրահարների բարեխոս, նա նույնպես դասվել է քրիստոնեական աշխարհի սրբերի շարքը: Սուրբ Սարգսի տոնը ազգային տոն է, որն ամեն տարի նշվում է Զատիկից 64 օր առաջ: Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգադրությամբ այս տոնը հայտարարվել է Երիտասարդների օրհնության օր:
